ՀՊՏՀ-ում հերթական անգամ կայացավ աշխատանքի տոնավաճառը


1

Մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքի տոնավաճառն՝ ընդ որում ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների, այլ նաև բոլոր աշխատանք փնտրողների համար։ Այս տարի տոնավաճառին մասնակցում էին շուրջ յոթ տասնյակ գործատուներ, որոնք ներկայացրել են ընդհանուր 500-ից ավելի թափուր հաստիքներ։ Աշխատանքի առաջարկներ են եղել թե՛ պետական, թե՛ մասնավոր գործատուների կողմից, վերջիններիս կողմից մասնավորապես առաջարկներ են ներկայացրել առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, հյուրանոցային և այլ ոլորտների ընկերություններ։ Այցելուները տաղավարներում ծանոթանում էին մասնակից կառույցներին և ընկերություններին, մանրամասն տեղեկատվություն էին ստանում թափուր հաստիքների, պահանջվող որակավորումների, հմտությունների, առկա պրակտիկայի հնարավորությունների մասին։

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի խոսքերով տոնավաճառն աշխատանք գտնելու լավ հնարավորություն է ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների, այլ նաև բոլոր աշխատանք փնտրողների համար․ «Ճիշտ է՝ թիրախում մեր ուսանողներն են, բայց մենք համարձակորեն բացել ենք մեր դռները, որովհետև այստեղ հիմնականում աշխատանք են առաջարկում մեր գործընկերները։ Եվ այն աշխատանքն են առաջարկում, որը հենց վաղը հնարավոր է զբաղեցնել։ Մեր գործընկերները հիմնականում մեր սպասարկած կրթական ծրագրերով են մասնագետ փնտրում։ Միևնույն ժամանակ արտաքին ցանկացած շահատռու ևս կարող է գալ աշխատանք փնտրելու»,-ասաց բուհի ղեկավարը: Գրիգորյանը նաև հայտնեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում շրջանավարտների և բակալավրիատի բարձր կուրսի ուսանողների՝ աշխատաշուկայում արագ ինտեգրմանը։ Նաև ընդգծեց, որ իրենց շրջանավարտների շուրջ 70 տոկոսն արդեն աշխատանք ունի։ Գրիգորյանի խոսքերով այս տարի տոնավաճառին գործատուների շարքում ընդգրկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ 

Արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին  մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Վերջինս ՀՊՏՀ ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, զրուցել  գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։  Այս տարի Պետական գերատեսչություններից երիտասարդ կադրեր է փնտրում նաև ֆինանսների նախարարությունը, նախարարության տաղավարն աշխատանք էր առաջարկում տնտեսագիտության, մակրոտնտեսագիտության, կառավարման, ֆինանսների, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի, մաթեմատիկական մոդելավորման, բանկային գործի և արժեթղթերի, ինչպես նաև կիրառական վիճակագրության և տվյալագիտության, հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագետներին։

Տոնավաճառից հետո կայացել է «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել են Հայաստանի առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և քննարկել աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

Նյութի Հեղինակ` Հասմիկ Անտոնյան
15.05.2024