Հայաստանում թենիսի 25 մրցաշար է անցկացվում․ ներդրումներ են պետք զարգացման համար․ Արևիկ Թումանյան


0

Թենիսի, այդ սպորտաձևով զբաղվելու բարդությունների և Հայաստանում նրա զարգացման մասին զրուցել ենք Հայաստանի թենիսի ազգային հավաքականի անդամ, Հայաստանի չեմպիոն, մարզիչ, պրոֆեսիոնալ թենիսիստուհի Արևիկ Թումանյանի հետ։

Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել թենիսով։

Թենիսի սկսել եմ հաճախել  յոթ տարեկանից, շատ աշխույժ երեխա եմ եղել , այդ պատճառով ծնողներս ինձ տարբեր սպորտաձևերի էին տանում՝ մարմնամարզության, լողի, պարի, բայց մի քանի օր հաճախելուց հետո այլևս չէի գնում։ Այդ ժամանակ կորտերին շատ մոտ էի բնակվում և շուտ-շուտ էի պատշգամբից հետևում թե ոնց են խաղում։ Այդպես հետաքրքրություն առաջացավ, և խնդրեցի ծնողներիս, որպեսզի տանեն թենիսի և մնացի այնտեղ մինչև օրս։

Որո՞նք են եղել ձեր կարիերայի ամենադժվար պահերը, և ինչպե՞ս էք դրանք հաղթահարել։

Դժվար պահեր շատ են եղել։ Պատանեկան տարիքում երկար ժամանակ մարզվում էի Գերմանիայում՝ թենիսի ակադեմիայում, միաժամանակ փորձելով համատեղել ուսումս Հայաստանում։ Ստացվում էր, որ կես տարի մարզվում էի ակադեմիայում, մասնակցում մրցաշարերի, իսկ մյուս կես տարին վերադառնում էի Հայաստան և հիմնականում զբաղվում էի  ուսմանս հարցերով։ Ամեն անգամ շատ բարդ էր երբ վերադառնում էի հետ ակադեմիա, քանի որ սկսում էի զրոյից մարզվել, և ամիսներ էին տևում լիարժեք վերականգնումները։

Սկզբի շրջանում նաև շատ դժվար էր այնտեղ, քանի որ հարազատներիցս ոչ ոք կողքիս չէր, և ամեն ինչ փորձում էի ինքնուրույն անել և կազմակերպել , սակայն հետագայում հասկացա որ դա շատ մեծ դեր խաղաց իմ անձի ձևավորման հարցում, քանի որ ես ավելի ինքնուրույն դարձա, կազմակերպված և պատասխանատու։

Դուք խաղում էք հավաքականում և ներկայացնում Հայաստանը միջազգային մրցույթներում, ո՞րն է եղել վերջին մեծ մրցույթը, որին մասնակցել եք։ 

Փոքր ժամանակվանից շատ լավ արդյունքներ եմ գրանցել Հայաստանում և Հայաստանից դուրս՝ ճանաչվելով տարբեր տարիքային խմբերում, նաև մեծահասակների մեջ Հայաստանի չեմպիոն։ Երկար ժամանակ է, ինչ հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականում։ Ամենավերջին մրցումներից կառանձնացնեմ «Fed Cup»-ը  աշխարհի թիմային առաջնությունը , որը անցկացվում  է ամեն տարի, և Հայաստանը հանդես է գալիս 3-րդ ենթախմբում։ Անցած տարի թիմի հետ շատ հաջող ելույթներ ունեցանք և գրավեցինք 2-րդ հորիզոնականը այդ ենթախմբում։ Դա վերջին 10 տարիների ընթացքում գրանցած ամենալավ արդյունքն էր։

Ձեր խաղի ո՞ր կողմերն էք համարում ամենաուժեղ և ինչի՞ վրա էք աշխատում այն ավելի բարելավելու համար։

Իմ ամենաուժեղ  կողմերից է արագաշարժությունը։ Նաև  ունիվերսալ խաղացող եմ համարվում, այսինքն՝ տարբեր հարվածների եմ տիրապետում, և դրանք ըստ անհրաժեշտության օգտագործում խաղի ընթացքում։ Նաև կարողանում եմ ճիշտ մարտավարություն վարել։ Խաղս բարելավելու նպատակով աշխատում եմ շատ մրցաշարերի մասնակցել, քանի որ այդ փորձը ոչ մի պարապմունք չի փոխարինի։

Ֆիզիկական պատրաստվածությունը և մտավոր կեցվածքը ի՞նչ դեր են խաղում կորտում հաջողության հասնելու համար։

Շատ կարևոր դեր է խաղում։ Առանց մտավոր կեցվացքի, ֆիզիկական պատրաստվածությունը չի օգնի կորտում հաջողության հասնել, և նույնը հակառակը։ Պետք է պատրաստված լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, և ամենակարևորը՝ հոգեբանորեն։ Խաղի ընթացքում պետք է կարողանալ արագ որոշումներ կայացնել և ճիշտ մարտավրություն վարել՝ ամեն խաղացողի հետ յուրովի։

Հայտնի թենիսիստ Անդրե Աղասին իր գրքում շատ լավ մեջբերում է անում. «Թենիսում կիրառվում է կյանքի լեզուն. առավելություն (Advantage), ծառայություն (service), ձախողում  ( fault), կոտրում  (break) և սեր (love): Ամենօրյա գոյատևման գլխավոր էլեմենտները կիրառվում են նաև թենիսում, որովհետև յուրաքանչյուր խաղ հենց կյանքի մանրանկարն է»։

Դուք նաև աշխատում էք որպես մարզիչ ի՞նչ դրական և բացասական կողմեր կան մարզչի աշխատանքում։

Իրականում բարդ է միաժամանակ լինել և՛ մարզիկ, և՛ մարզիչ։ Դրական կողմերից կնշեմ այն փաստը, որ մինչև մարզիչ լինելը մարզիկ եմ եղել,  և այդ փորձը օգնում է ինձ պրոֆեսիոնալ խաղամակարդակի խաղացողների հետ աշխատելիս։ Բացասական կողմերից կնշեմ, որ պետք է շատ համբերատար լինել և որոշ չափով հոգեբան, քանի որ մարզչի աշխատանքը միայն թենիսի էլեմենտներ սովորեցնելը  չէ։

Ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ  թենիսը  Հայաստանում։ 

Թենիսը, ցավոք սրտի, Հայաստանում այդքան զարգացած չէ, ինչքան դրսում։ Դա կապված է մեծ ֆինանսների և ներդրումների հետ, քանի որ թանկ սպորտաձև է։ Եթե համեմատենք առաջ և հիմա, շատ զարգացումներ կան։ Վերջին տարիներին Հայաստանում անցկացվում է 25 միջազգային մրցաշար, իսկ նախկինում ընդհամենը 5 էր։

Դա հնարավորություն է տալիս այստեղի խաղացողներին շատ խաղալ, փորձ ձեռք բերել, նաև միջազգային վարկանիշ։ Հայաստանում պետք է շատացնել  թենիսի կորտերը, և այն ավելի հասանելի դարձնել մարդկանց համար։ Այդ պարագայում զարգացումները  իրենց սպասեցնել  չեն տա։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ցանկանում են հաջողությունների հասնել սպորտում։

Ամենակարևոր նախապայմանը սպորտաձևը սիրելն է։ Եթե սիրեն, արդեն ցանկություն կունենան ինչ-որ բան անելու ՝ պայքարելու , հաղթելու։ Նաև կնշեմ աշխատասիրությունը , նվիրվածությունը , անձնազոհությունը և կամքի ուժը։

Նյութի հեղինակ՝ Հայարփի Դանիելյան