Ուսանողից դեպի դասախոս. Աստղիկ Հակոբյան


4

Ինչպե՞ս լինել  լավ դասախոս այն էլ երիտասարդ տարիքում, այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար զրուցել ենք  Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Հակոբյանի հետ։

Ինչպե՞ս ստացվեց որ որոշեցիք դառնալ դասախոս։

Իրականում, ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Ոչ համալսարան ընդունվելուց, և ոչ էլ ուսումնառության տարիներին նման նպատակներ ու պլաններ չեմ ունեցել: Ավարտելուց հետո շատ անակնկալ կերպով ստացա առաջարկը՝ դասախոսիցս, և որոշեցի չմերժել: Կարճ փորձաշրջանից հետո հասկացա, որ ստացվում է, ու որ, երևի ամենակարևորն է՝ ինձ հաճույք ու բավարարվածություն է պատճառում հասարակության ամենապայծառ ու փայլուն շրջանակի՝ ուսանողների հետ շփումը, փորձի ու գիտելիքների կիսումն ու բուռն քննարկումները: Որոշեցի՝ հաստատ շարունակելու եմ:

Ինչպե՞ս ստացվեց, որ ծրագրավորման բազում ուղղություններից Դուք ընտրեցիք  հենց տվյալագիտությունը, որպես դասավանդվող առարկա։

Ավարտական աշխատանքս պաշտպանել եմ այդ թեմայով, և բավականին հաջող էր ստացվել: Իրականում, ես չեմ ընտրել՝ ինչ դասավանդել, ընտրությունը կատարել է դասախոսս՝ հիմնվելով գիտելիքներիս ու աշխատանքիս արդյունքների վրա:

Տվյալագիտությունը ներկայումս ամենամեծ պոտենցյալ ու ամենալայն կիրառություն ունեցող ոլորտներից է, եթե ոչ՝ ոլորտը: Այն ներդրված է մեր կյանքի բոլոր բնագավառերում, ու այնքան սահուն է մուտք գործել, որ չենք էլ հասցրել նկատել: Ուստի՝ անհրաժեշտություն եմ համարում, առնվազն բազային գիտելիքներ ունենալը ոլորտից: Բացի այդ էլ՝ բավականին մեծ պահանջարկ ունեցող, զարգացման մեծ հնարավորություններ ընձեռող, և անչափ հետաքրքիր մասնագիտություն է՝ իր բոլոր ճյուղերով:

Որո՞նք են ձեր դասավանդած տվյալագիտության դասընթացի հիմնական թեմաներն ու հասկացությունները:

Դասընթացի նպատակը հզոր, կայացած տվյալագետ կադրերի պատրաստումը չէ: Այն միտված է բազային, հիմնարար գիտելիքներ տալ ուսանողներին, ծանոթացնել ոլորտի հիմնական հասկացություններին ու ճյուղերին: Դասընթացից հետո ուսանողը, ունենում է անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ ընտրելու՝ տվյագիտության որ ոլորտն է իրեն առավել մոտ՝ խորությամբ ուսումնասիրելու և ոլորտում որպես մասնագետ կայանալու համար:

Ինչպե՞ս եք գնահատում տվյալագիտության կարևորությունը այսօրվա տեղեկատվական հասարակության մեջ:

Ինչպես արդեն նշեցի՝ ինքներս էլ չենք նկատել, թե ինչ արագությամբ ու ինչ խորությամբ է այն մուտք գործել մեր առօրյա, ու թե ինչ արագությամբ է այն տարածվում ու արմատներ գցում: Հաճախ՝ չենք էլ պատկերացնում ու նկատում, թե օրվա ընթացքում ինչքան ենք մենք օգտվում ոլորտի նվաճումներից ու նորարարություններից: Այն ամենուր է՝ քայլելիս՝ մեր քայլերը հաշվելուց, երաժշտություն լսելիս՝ անձնականացված տարբերակ առաջարկելուց,… ամենուր: Ուստի մեզանից յուրաքանչյուրիս համար, եթե ոչ խորը մասնագիտական, ապա, գոնե, ընդհանուր պատկերացում ունենալը կարևոր է:  Չեմ խոսում էլ այն մասին, թե ինչքան կարևոր է ոլորտի լավ մասնագետներ ունենալը՝ հանրապետության ու աշխարհի մասշտաբով:

Կա՞ն տվյալագիտության հետ կապված նախագծեր կամ հետազոտություններ, որոնց առնչվում եք համալսարանում Ձեր աշխատանքի ընթացքում:

Մեծ ուրախությամբ կնշեմ, որ այո՛, կա՛ն: Ներհամալսարանական կառույցում, հատկապես վերջին ժամանակներս, շատ մեծ ուշադրություն է դարձվում նման նախաձեռնություններին: Խրախուսվում են թե՛ ուսանողներից և թե՛ դասխոսներից բաղկացած տարաբնույթ նախաձեռնությունները: Սա անասելի ոգևորում ու գրավում է ուսանողությանը, իսկ որպես արդյունք ստեղծվում են շատ արժեքավոր աշխատություններ:

Ինչքա՞ն ժամանակ է որ արդեն  դասավանդում էք ԵՊՀ-ում։

ԵՊՀ-ում  դասավանդում եմ արդեն երկու տարի։ Նախքան ԵՊՀ-ն՝ աշխատավայրում զբաղվել եմ մենթորությամբ, դասախոսել եմ ACA-ում, տարբեր նախագծերի շրջանակներում հանդես եմ եկել դասախոսությամբ, կամ դասախոսությունների շարքով: Սիրում եմ կիսվել գիտելիքներովս, փորձովս ու կարծիքներովս և քննարկել այլոց հետ, նյութը փորփրել մինչև արմատներն ու ծանոթանալ նյութի տարբեր  տեսանկյունններին: Դա անասելի սնում է աշխարհայացքդ: Այդ կերպ դառնում ես ավելի բաց ու ընկալունակ։

Ձեր փորձից ելնելով ի՞նչ խորհուրդ կարող էք տալ այն մարդկանց ովքեր նոր են սկսել դասավանդել։

Երկար չէ փորձս, բայց, կիսվեմ ստացածս ամենակարևոր դասերից՝

1. Պետք է հաճույք ստանալ պրոցեսից՝ չմտածել, որ, եթե դասախոսի դերում ես, իրավունք չունես ինչ-որ բան չիմանալու, կամ ոչ հաստատ իմանալու: Ու նաև, քաջություն ունենաս՝ պարզ ասելու՝ չգիտեմ, բայց կարող ենք քննարկել, միասին հասկանալ: Այդ կերպ կորչում է կաշկանդվածությունը, ուսանողները ընդունում են քեզ որպես անհատ, ում հետ կարելի է անկեղծորեն քննարկել, կարծիք փոխանակել:

2. Անդադար սովորել՝ անկախ նրանից` ինչ գիտես, ինչ չգիտես և ուր ես: Ինքնազարգացումն ու ինքնակրթումը թերևս ամենաանհրաժեշտ գործոններն են կայանալու:

Նյութի հեղինակ՝ Հայարփի Դանիելյան