ԵՊՀ-ում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը


0

ՈՒսանողները փնտրում են աշխատանք, գործատուները՝ աշխատողներ․ ԵՊՀ-ում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը

Երևանի պետական համալսարանի բակը կրկին մարդաշատ է․ Համալսարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Մեկ հարկի տակ հավաքելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին համալսարանում որոշել են՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ տոնել Մայր բուհի հիմնադրման105-ամյակը։

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով օրը խորհրդանշական է, քանի որ մայիսի 16-ը ոչ միայն ԵՊՀ-հիմնադրման 105-ամյակն է, այլ նաև ուսանողների և երիտասարդության օրը։ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ անցկացվող էքսպոն մեծ հնարավորություն է, քանի որ մեկ հարթակում հանդիպում են գործատուն և կրթությունը․

-Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք անցկացնում ենք այս էքսպոն: Նախորդ տարի մենք ունեցել ենք ավելի քան 20 հազար այցելու, ակնկալում ենք, որ այս տարի այդ թիվը կավելանա: Մենք շարունակաբար բարեփոխում ենք կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Կրթական գործընթացների փոփոխություններում ներգրավված են նաև մեր գործընկերները, որոնց մեծ մասը դասավանդում է ԵՊՀ-ում: Հավելեմ, որ մեր գործընկերներից շատերի հետ մենք կազմակերպում ենք նաև ուսումնական փորձուսուցումներ,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Էքսպոյի շրջանակներում դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալ մի շարք մրցունակ կրթական ծրագրերի հետ, ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպել իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունը և ընձեռած աշխատանքային տարբեր հնարավորությունները։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի  շրջանակներում ավելի քան 45 կազմակերպություններ՝ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ներկայացնելու առկա աշխատանքային առաջարկները։  

Մասնակիցների թվում էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այն, ներկայանալով իր առանձին տաղավարով, ներկայացրել է  հանքարդյունաբերության ոլորտում արդի և պահանջված մասնագիտությունները՝ կոտրելով ոլորտի շուրջ առկա կարծրատիպերը: Տաղավարում այցելուներին ներկայացվել է ընկերության պատմությունը, աշխատակիցների մասնագիտական ուղղությունների վերաբերյալ որոշակի տվյալներ, ինչպես նաև աշխարհի առաջատար հանքարդյունահանող երկրների մասին ոլորտային տեղեկատվություն:

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակներում կայացել է նաև «Բանախոսություններ գործի մասին» խորագրով կոնֆերանսը, որի ընթացքում տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ ներկայացրել են թեմատիկ զեկույցներ։  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը իր ելույթում նշեց, որ հանքարդյունաբերությունն ավանդաբար Հայաստանի ուժեղ կողմերից մեկն է եղել, Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններից մի քանիսը ոչ թե տասնամյակների, այլ հարյուրամյակների պատմություն ունեն։ Վերջինս շեշտեց, որ այս ոլորտը մինչ օրս ապահովում է Հայաստանի արտահանման առյուծի բաժինը և բյուջեի մուտքերի առյուծի բաժինը։ 

Վարդան Ջհանյանն կարևորելով նման միջոցառումների դերն ասաց, որ հանքարդյունաբերության  վերաբերյալ կան բազմաթիվ միֆեր, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի դրանք չազդեն մարդկանց որոշումների վրա․

-Չնայած մեր ոլորտը երկրի համար կարևոր օղակներից է, այնուամենայնիվ մենք ունենք խնդիր՝ մեր ոլորտը հասարակության  և ապագա աշխատողների կողմից այնքան էլ ճիշտ չի  ընդունվում։ Սա շատ լավ հնարավորություն է այն լավագույնս ներկայացնելու համար, որպեսզի խելացի մասնագետները, այդ թվում՝ մայր բուհից, գան և աշխատեն մեր ոլորտում: Հանքարդյունաբերության  վերաբերյալ կան միֆեր, և մենք  ԵՊՀ-ի հետ համատեղ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրանք չազդեն մարդկանց որոշումների վրա: Միֆերից մեկն այն է,  որ զարգացած երկրներում չկա հանքարդյունաբերություն, սակայն  իրականում արևմտյան ամենազարգացած երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան, ունեն շատ զարգացած հանքարդյունաբերություն: Այսինքն՝ զարգացած և ժամանակակից տնտեսությունը իր մեջ ներառում է նաև հանքարդյունաբերությունը, իսկ Հայաստանում ոչ բոլորն են դա ընկալում: Երկրորդը՝  կա կարծիք, որ մեր ոլորտում հիմնականում բանվորական աշխատուժ է հարկավոր, այլ ոչ թե գիտական մասնագետներ, ինչն այնքան էլ ճիշտ չէ,-ասաց Ջհանյանը:  

Նրա խոսքերով հակառակ տարածված կարծիքի, հանքարդյունաբերության ոլորտում բանվորական աշխատուժը աշխատուժի միայն մի մասն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատուժի 50 տոկոսը բարձրագույն կրթություն ունի։ Ոլորտը գիտահեն ոլորտ է և այս ոլորտում ներգրավված են բազմաթիվ մասնագիտություններ ընդհուպ նաև՝ ինժեներներ, երկրաբաններ, մետալուրգներ, քիմիկոսներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլ մասնագետներ։

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան
16.05.2024