Նոր գաղափարների հիմքում որակյալ կրթությունն է․ Անի Գևորգյան


0

Բոլոր ժամանակներում որակյալ կրթությունըանհրաժեշտ է ու պահանջված, քանի որ այն հիմքն է բանիմաց ու խելացի սերունդների զարգացման: Կրթության, մասնավորապես դպրոցական կրթության ոլորտում ժամանակի հրամայականով նորամուծություններ են կատարվում՝ ի նպաստ որակյալ կրթության ապահովման: Զրուցակիցս Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի օպերատոր Անի Գևորգյանն է:

Դպրոցում գործում է «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ», կներկայացնե՞ք դրա առանձնահատկությունները:
– Համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնելու տեղեկատվության ստացման և վերլուծության գործընթացը: Այն ներառում է ծնողների, ուսուցիչների համար նախատեսված օրագրերը և դպրոց ընդունվելու հայտագրման համակարգը:

Ուսուցիչները կարողանո՞ւմ են օգտվել  էլեկտրոնային մատյանից:
– Ուսումնական տարվա սկզբում լինում են խոչընդոտներ, բայց իրար հետ համագործակցելով՝ շտկում ենք ընթացիկ խնդիրները: Բացի այդ` ուսուցիչներն անցնում են իրենց հերթական վերապատրաստումները:

Ի՞նչ է էլեկտրոնային օրագիրը:
– Այն մի գործիք է, որի միջոցով ծնողը կարող է հետևել երեխայի ուսումնառության ընթացքին, ինչպես նաև կապ հաստատել դասավանդող ուսուցիչների հետ: Այդ կերպ նաև նվազում էուսուցիչ-ծնող հանդիպումների հաճախականությունը, քանի որ ծնողը ցանկացած պահի կարող է իր համակարգչի կամ սմարթֆոնի օգնությամբ, իրեն տրամադրված գաղտնաբառով մուտք գործել նշված հարթակ և ստուգել իր երեխայի գնահատականները և, ինչու չէ, նաև ուսուցիչների դիտարկումները:

Տեղյակ ենք, որ դպրոցներում գործում է նաև դասագրքերի ավտոմատացված համակարգ, որքանո՞վ է այն արդյունավետ:
– Այո՛, գործում է այդ համակարգը, որը լիովին արդարացնում է իր գործառույթը, քանի որ դասագրքերի հետ կապված բոլոր փաստաթղթերը  մեկտեղված են: 

Ինչպե՞ս է կատարվում դասագրքերի փոխանցումը հաստատությունների միջև:
– Համակարգով կազմում ենք դպրոցների միջև գրքերի փոխանցման արձանագրություն, կողմերի ստուգումից հետո հաստատում ենք: 

Ի՞նչ առավելություններ ունի համակարգը: 
– Առավելություններից մեկն այն է, որ, անկախ գտնվելու վայրից, ցանկացած պահի կարող ենքմուտք գործել համակարգ և ստուգել դասագրքերի հետ կապված փաստաթղթերը, օրինակ՝ քանակ, մնացորդ և այլն:

Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ համակարգն ունի «Բանկ» ենթաբաժին, որտեղ կա հաշվի քաղվածք, և այն ցույց է տալիս դասագրքերի վարձավճարների փոխանցման ավել և պակաս գումարի չափը:

Հարցազրույցը՝ Նարեկ Ղազարյանի