Տեղեկատվության ազատության սկզբունքի կարգավորումը Հայաստանում


0

Երկրի կառավարմանը մասնակցելու և կառավարության աշխատանքին մոտիկից ծանոթանալու համար քաղաքացիներին անհրաժեշտ է որոշակի տեղեկատվություն։ Հենց այդ սկզբունքից ելնելով էլ սահմանվել է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության ստանալու իրավունք։ Այս իրավունքը ամրագրված է սահմանադրությամբ, առանց այս իրավունքի հնարավոր չէ անգամ իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարության հիմք հանդիսացող մի շարք կետեր։ 

  Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։

  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականին, և, չնայած որ, դրա ընդունումից անցել են տարիներ և հիմնական կարգավորումները, մեխանիզմները հստակ են, սակայն գործնականում երբեմն հանդիպում են դեպքեր, երբ տեղեկատվություն ստանալիս լրագրողները կամ պարզապես քաղաքացիները հանդիպում են դժվարությունների: Առավել հաճախ խնդիր են հանդիսանում պետական կառույցներում «տեղեկատվություն տնօրինող» պաշտոնյաների կողմից տեղեկատվություն չտրամադրելը, վերջիններս, փորձելով չտրամադրել տեղեկատվությունը, փորձում են կանխել տեղեկատվության արտահոսքը, ինչպես նաև կանխել հանրային հնչեղությունը և ի վերջո՝ հանրությունից թաքցնել իրականությունը: Սակայն հենց նույն օրենքի 3-րդ մասով էլ սահմանվում է «տեղեկատվության տնօրինող» հասկացությունը, և նա պարտավոր է տրամադրել իր իսկ տնօրինած տեղեկատվությունը։

   «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը վերահաստատում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքը։ Օրենքով արգելվում է գրաքննությունը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, առանց ծանր հանցագործություններ բացահայտելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատարանի որոշման տեղեկատվության աղբյուրները բացահայտելը, և պահանջում է, որ պետական մարմինները խտրականություն չդնեն լրագրողների միջև: Նաև ՀՀ օրենքով է սահմանվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, այդ թվում՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, որը լրագրողի մասնագիտական, օրինական գործունեության մաս է կազմում։

  Երբեմն լինում են դեպքեր, երբ լրագրողներին կամ քաղաքացիներին պետական մարմինը չի տրամադրում իրենց ցանկացած տեղեկատվությունը, սա չպետք է շփոթել խոսքի ազատության սահմանափակման հետ։ ՀՀ Սահմանադրության համաձայն տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի ու համբավի պաշտշանության համար։ Նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքն է որոշակի սահմանափակումներ սահմանում մասնավորապես՝ արգելվում է գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունների հրապարակումը։ Արգելվում է նաև տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունների տարածումը, եթե դրանք ստացվել են առանց տվյալ անձին տեսաձայնագրման մասին զգուշացնելու, բացի այն դեպքերից, եթե հրապարակումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։

  Պետական մարմինների կողմից հարցմանը պատասխանելու ժամկետները ևս կարգավորվում է համապատասխան օրենքով։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն ժամկետները, որի ընթացքում անձը պետք է ստանա իր հարցման պատասխանը։ Գրավոր հարցման դեպքում պետական մարմինը պարտավոր է 5-օրյա ժամկետում պատասխանել, սակայն, եթե հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունները դիմողին են տրվում հարցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: կարևոր է, որ պետական մարմինը հարցումը ստանալուց հետո, պատասխանի հետաձգման մասին 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնի դիմողին՝ ընդգծելով հետաձգման պատճառները և տեղեկությունները տրամադրելու վերջնական ժամկետը։

  Առավել հաճախ հանդիպող խնդիր է ոչ թե բուն տեղեկատվության չտրամադրելը, այլ օրինակ ժամկետների խախտմամբ տեղեկատվություն տրամադրելու խնդրը (երբեմն առավելագույն 30 օրյա ժամկետի փոխարեն պատասխանում են 40-60 օրվա ընթացքում): Կամ թերի  տեղեկատվության տրամադրումը, որը հատկապես լրագրողական համայնքում շատ տարածված խնդիր է (երբեմնը նշում են, թե տեղեկատվությունը հրապարակված է այս ինչ կայքում, սակայն իրականում այդ կայքում նման տեղեկատվություն չկա): Այսուհանդերձ պետք է հիշել, որ սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն տեղեկատվություն տնօրինողը կարող է մերժել նշված տեղեկության տրամադրումը, դրա համար կան օրենքով սահմանված պատճառներ, մնացած բոլոր դեպքերում այն համարվում է օրենքի խախտում։ Տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե տվյալ տեղեկատվությունը  պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Պարզապես անհրաժեշտ է այս օրենքի այս լրացումը չշփոթել խտրական մոտեցման կամ պարզապես տեղեկատվության չտրամադրման դեպքերի հետ։

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան
10.01.2024