K-pop. Երևանում տեղի ունեցավ Կորեական մշակույթի փառատոնը 


8

Կորեական մշակույթի կենտրոնը մայիսի 19-21-ին արդեն 5-րդ անգամ  Հայաստանում իրականացնում է Կորեական մշակույթի փառատոնը։ 

Բացման արարողությունը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։ Ներկայացան  նախորդ տարի K-pop cover պարային մրցույթի հաղթող «MICHYOS» ստուդիան, Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները, ինչպես նաեւ ներկայացվեց կորեական ազգային երաժշտությունը: Պաշտոնական մասին հաջորդեց կինոդիտում։ Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաեւ  կիմպաբի պատրաստման վարպետության դաս, իրականացվել է հայ-կորեական բարեկամության թաեքվոնդոյի մրցաշար և K-pop cover պարային մրցույթ: Վերջինս փառատոնի՝ հայ երիտասարդների շրջանում ամենասիրված ու սպասված միջոցառումն է: Այս տարի K-pop cover մրցույթում  նախապես գրանցվել էր 24 խումբ, որոնցից 15֊ը ներկայացան մայիսի 21-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։ Մասնակից պարային խմբերից  հաղթող ճանաչվեց MDS-ը: Հաղթող MDS-ը և խմբեերց 7֊ը, «MICHYOS» պարային ստուդիայի սաներն են։  

«Պարողներից յուրաքանչյուրը կարողացավ իր ուժերի չափով էներգիա փոխանցել հանդիսատեսին։ Պարային համարները պատրաստել էինք՝ ընտրելով այն K-pop կատարումները, որոնք սիրված են, ակտիվ, բեմին համապատասխան եւ մրցութային» – նշում է Ստուդիայի ղեկավար Անի Հովհաննիսյանը։ 

K-pop cover պարային մրցույթը Հայաստանում անցկացվում է 2015 թվականից: Մրցույթի առաջին մասնակիցներից Անի Հարությունյանը այս տարի կորեական պատվիրակության հետ  ժյուրիի կազմում էր։ 

«Կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի աճում է» – նշել է Մոսկվայում Կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն՝ Պարկ Ջունգ Գոնին։

Նյութի հեղինակ՝ Անժելա Սարգսյան