«Անմեղության կանխավարկածի» նշանակությունը մեր կյանքում


1

Մեր օրերում, հաշվի առնելով համացանցի ներգրավվածությունը մեր կարծիքի ձևավորման գործում, շատ կարևոր խնդիր է դարձել անձի «անմեղության կանխավարկածի» պահպանման խնդիրը։ Հաճախ համացանցում կարող ենք հանդիպել նյութերի, որտեղ՝ նախաքննության փուլում գտնվող գործում կասկածվող անձին, համացանցային տարբեր օգտատերեր և ոչ միայն, պիտակավորում են որպես «մեղավոր», դրանով իսկ, բիծ թողնում վերջինիս հետագա կենսագործունեության վրա և արատավորում իր «բարի համբավը»։ Իհարկե, նաև կան դեպքեր, երբ լրագրողը՝ իր լրագրողական նյութերում, զերծ է մնում նման պիտակավորումից և, հաշվի առնելով անձի «անմեղության կանխավարկածի» սկզբունքը, չի թիրախավորում նրան որպես «մեղավոր»։

  Նախ պետք է հասկանալ, որ անմեղության կանխավարկածը՝ որպես արդար դատաքննության տարր, ամրագրված է ոչ միայն մի շարք հռչակագրերով, այլ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Սահմանադրության 66-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Անմեղության կանխավարկածի սկզբունքից բխում է, որ ոչ ոք, անգամ նախաքննության կամ դատաքննության մարմինները, չպետք է մեղադրյալին մոտենան կանխավ ձևավորված կարծիքով՝ նա է կատարել այն հանցագործությունը, որում մեղադրում են իրեն՝ այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Անմեղության կանխավարկածի սկզբունքով նաև սահմանվում է, որ մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մեղադրյալին պետք է անմեղ համարի պետությունը՝ հաշվի առնելով, որ պետությունն է համարվում քրեական պատիժ իրականացնող սուբյեկտ և որևէ անհատ իրավունք չունի նրան համարել մեղավոր, քանի դեռ պետությունը վերջինիս չի ճանաչել որպես մեղավոր։ 

  Պետք չէ մարդու «Անմեղության կանխավարկածի» սկզբունքը շփոթել խոսքի ազատության սահմանափակման հետ, քանի որ անգամ վերջինիս անտեսումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը։ Այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցներ շատ հաճախ իրենց իսկ ամենօրյա թողարկումներում հրապարակում են նյութեր, որում ակնհայտ են այս սկզբունքի բացթողումները։ Դատավարագետների մի մասի կարծիքով լրատվամիջոցներն իրավունք չունեն անձին մեղավոր համարել հանցագործության մեջ, քանի դեռ դատարանի կողմից այդ հանգամանքը չի հաստատվել և դատավճիռն օրինական ուժ չի ստացել, սակայն մյուս մասն էլ կարծում է, որ նմանապիտ նյութերը կրում են տեղեկատվական բնույթ և վերջինիս չեն համարում հանցագործ, ուստի կապ չունեն «անմեղության կանխավարկածի» խախտման հետ։

  Չնայած որ, մարդու անմեղության կանխավարկածը մեղադրյալի օբյեկտիվ կարգավիճակն է, սակայն այն մեդիադաշտի համար որոշակի իմաստով ստեղծում է նոր խոչընդոտ՝ խանգարելով մամուլի միջոցով ազատ կարծիք արտահայտելու իրավունքին։ Նման պարագայում լրաագրողից պահանջվում է հաշվի առնել տեղեկատվության ազատաության մասին օրենքն ու լրագրողական էթիկան և նյութը ներկայացնել էնպես, որ հստակորեն տարանջատվի փաստը և լրագրողի մասնավոր կարծիքը։ Լրագրողական էթիկան պահանջում է, որ լրագրողը իր իսկ կարծիքը չմեկնաբանի իրբրև փաստ, վերջինս անթույլատրելի է թե՛ իրավական, թե՛ բարոյականության տեսանկյունից։ 

Քանի որ այսօր ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն հասարակության ընկալման գործում «անմեղության կանխավարկածի» սկզբունքի պահպանումը յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է դիտարկի առաջնային։ Պետք է հաշվի առնել տվյալ անձի՝ հավանական արդարացումից հետո, իր իսկ հոգեկան և բարոյական արժեքների թերագնահատումն այն դեպքում, երբ հասարակությունն իրեն ընկալում և ճանաչում է որպես հանցագործ, սակայն նա հանցագործ չէ։ Լրագրողական էթիկան լրագրողից պահանջում է տեղեկություններ հավաքելու և հրապարակելու գործընթացում պահպանել ճշմարտության, օբյեկտիվ մեկնաբանման և քննադատության սկզբունքը, և, ի վերջո, զանգվածային լրատվության միջոցները պետք է ձեռնպահ մնան անմեղության կանխավարկածը խաթարող լուսաբանումներից։ Անմեղության կանխավարկածը չի կարող հանդիսանալ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակում, պարզապես անհրաժեշտ է ձևակերպումների դեպքում որոշակի զգուշավորություն ցուցաբերել։

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան
04.01.2024