Չսահմանափակվել համալսարանական կրթությամբ, շարունակել ինքնակրթվել


4

Հարցազրույց ՝ հոգեթերապևտ Անի Մելքոնյանի հետ:

 Երբևէ մտածե՞լ էիք ,որ կդառնաք հոգեթերապևտ:

Համալսարանական տարիներից սկսած՝ այո։ 

Ո՞րն է հոգեբանի և հոգեթերապևտի տարբերությունը:

Ոչ բոլոր հոգեբաններն են հոգեթերապևւտ։ Մարդը կարող է ունենալ հոգեբանի դիպլոմ ու իրականցնել միայն հետազոտական աշխատանք կամ լինել դասախոս։ Եթե Ֆրանսիայի օրինակով նկարագրեմ, ապա այստեղ հոգեթերապեւտ է համարվում այն հոգեբանը, ով նվազագույնը 1 տարի աշխատել է որպես պրակտիկ հոգեբան։ Այսինքն աշխատել է այցելուների հետ։ Մի շարք այլ երկրներում հոգեբանն իրականացնում է հավելյալ մասնագիտական վերապատրաստում հոգեթերապեւտիկ որեւէ ուղղությամբ, անցնում իր անձնական հոգեթերապիան եւ սուպերվիզիայով աշխատում այցելուների հետ, որպեսզի համարվի հոգեթերապեւտ։ 

Եթե չընտրեիք այս մասնագիտությունը, ապա ո՞ր ոլորտում կպատկերացնեիք Ձեզ:

Հավանաբար բժշկական ոլորտում, որը մարդկանց հետ գործ կունենար։ 

Արդյո՞ք բարդ է Ձեր մասնագիտությունը:

Չափազանց բարդ չէ, բայց շատ հեշտ էլ չէ։ Հոգեբանի մասնագիտությունը (աշխատանքը մարդու տրավմատիկ, դժվարին փորձառության հետ) պահանջում է գիտելիքներ, ներքին ռեսուրսներ, անձնային ու մասնագիտական որակներ, էմպաթիա և այլ որակներ, որոնք անընդմեջ զարգացման ու պրոցեսի մեջ լինելու կարիք ունեն։ Այսինքն չկա մի կետ, որին կհասնես ու կասես վերջ, ես այլեւս սովորելու բան չունեմ կամ անձնային ու մասնագիտական աճ ապրելու տեղ չունեմ։ Միևնույն ժամանակ մեր աշխատանքը նաեւ շատ ռեսուրսային է, ինքս հաճախ եմ ասում, թե որքան հետաքրքիր ու սիրուն կարող է լինել մարդկային էությունը, ու թե որքան եմ ես սովորել ու սովորում իմ այցելուներից։

Արդյո՞ք հոգեբանությունը Հայաստանում աճ է գրանցել:

Կարծում եմ՝ այո։ Ու դա նաեւ ժամանակի պահանջն է, միայն ափսոս, որ դեռ չի գործում լիցենզավորման համակարգ, բայց դա էլ ժամանակի հետ կլինի կարծում եմ։ 

Կա՞ն բաներ, որոնք կփոխեիք Հայաստանի հոգեբանության ոլորտում, և որո՞նք են դրանք: 

Առաջինը երևի հենց լիցենզավորման հարցն է։ Լավ կլիներ նաեւ ունենալ պետական ֆինանսավորմամբ գործող կառույցներ երեխաների, դեռահասների եւ չափահասների համար (ինչպես Ֆրանսիայում), որպեսզի մարդիկ կարողանան ստանալ հոգեբանական անվճար օգնություն։

Ո՞րն է Ձեզ ամենից շատ տրվող մասնագիտական հարցը:

«Ինձ ասել են, որ ես նևրոզ ունեմ, ինչպե՞ս կարող եմ ազատվել դրանից»։ Ասել, թե նևրոզ ունեմ, մեր օրերում նշանակում է ասել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեմ առանց կոնկրետացնելու, թե ինչ խնդրի մասին է խոսքը։ Այսօր և՝ նևրոզ և ՝ խսիխոզ հասկացությունները համարվում են հին և չեն կիրառվում այնպես, ինչպես նախկինում էր կլինիկական հոգեախտորոշման մեջ։ Մենք հաճախ ոչ թե կարիք ունենք ազատվելու որեւէ բանից, այլ ավելի լավ ճանաչելու տվյալ երեւույթը, ինքներս մեզ, հասկանալու, թե ինչու եւ ինչպես եմ զգում, մտածում եւ այլն ու օգտագործելու այն ամենը, ինչը կարող է ավելի բարձրացնել մեր կյանքի որակը։

Հիմնականում ի՞նչ խնդրով են մարդիկ դիմում Ձեզ, ո՞րն է ամենատարծվածը:

Տագնապներ, վախեր, խուճապային գրոհներ, դեպրեսիա, տրավմա, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, բիպոլյար խանգարում, խնդիրներ հարաբերություններում և այլն։ Ցավոք պատերազմը նպաստել է նրան, որպեսզի մի շարք մարդկանց մոտ արտահայտվեն տագնապային բնույթի խնդիրներ։

Ես տեղյակ եմ, որ դուք բնակվում եք Ֆրանսիայում, որ խնդրեմ կնշեք այդտեղի հոգեբանության ոլորտի զարգացվածության աստիճանն , ու առանձնացնեք 5 առանձնահատուկ մեթոդ որոնք կիրառվում են տեղի հասարակության համար: 

Ֆրանսիայում հոգեբանության ոլորտը բավականին զարգացած է ու կան մի շարք պետական կենտրոններ, ուր հոգեբանական, հոգեբուժական և այլ ծառայությունները փոխհատուցվում են։ Ֆրանսիայում հոգեթերապեւտիկ ամենատարածված մոտեցումը եղել ու մնում է հոգեվերլուծությունը (Ֆրոյդ եւ Լական)։ Տարածված է նաեւ համակարգային թերապիան, կոգնիտիվ-վարքաբանակն թերապիան, EMDR-ը (Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում), առողջության սոցիալական հոգեբանությունը։

Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա հոգեթերապևտներին:

Չսահմանափակվել համալսարանական կրթությամբ, այլ շարունակել ինքնակրթվել, անձնային աճ ունենալ ու վերապատրաստվել։ 

   

Հարցազրուցավար ՝ Մարգարիտա Հովհաննիսյան

 Նկարները ՝ վերցված են Անի Մելքոնյանի սոց.  ցանցերից: