Առողջ լինելու գրավականը սեփական մտքերի վրա աշխատելն ու մաքրելն է․․․


2

Հարցազրույց ՝ յոգայի ուսուցիչ , հեռուստալրագրող և «Սատտվա Յոգա Ստուդիոյի» հիմնադիր Նարինե Բաղդասարյանի հետ

Կպատմե՞ք, ինչպես որոշեցիք դառնալ բուսակեր։

Ես բուսակեր եմ դարձել 16 տարեկանից, երբ առաջին անգամ հանդիպեցի յոգայի ուսուցչիս: Հենց այդ ժամանակ էլ դարձա  և մինչ օրս շարունակում եմ  մնալ բուսակեր:

Արդյո՞ք օգտակար  է յոգայով զբաղվելը: Խորհուրդ կտա՞ք յոգայով զբաղվել:

Յոգայով զբաղվելը  շատ օգտակար է, և միանշանակ խորհուրդ կտամ, քանի որ դա բժշկություն է, և ՝ ասանաները և ՝ շնչառական պրակտիկաները, և՛ մեդիտացիան գլոբալ առումով   կարող են փոխել մարդու կյանքի որակը։ Հիմնականում մարդիկ, ովքեր սկսում են  յոգայով  զբաղվել, հոգեպես պատրաստված են լինում, քանի որ յոգան միայն մարմնի վարժություն չէ և շնչառական վարժությունները յոգայի միայն  մի փոքրիկ հատվածն են կազմում: Յոգան ավելի գլոբալ գիտություն է, իսկ յոգայի բուն նպատակն  ինքնագիտակցումն է, ինքնաճանաչումը, ինքնակատարելագործումը: Հիմնական նպատակն այն է, որ անձը  հասնի մարդկային  էվոլուցիոն զարգացան գագաթնակետին:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին , երբ ասում են՝յոգան սատանիզմ  է:

Յոգան սատանիզմ են անվանում այն մարդիկ, ովքեր ինֆորմացված  չեն, թե ինչ է այն, և  հետևաբար իրավունք են վերապահում յոգան սատանիզմ անվանել:

Ի՞նչ մասնագիտություն ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

Մասնագիտությամբ հեռուստալրագրող եմ: Ազատ ժամանակ չեմ ունենում, դրա համար էլ չգիտեմ ինչով եմ սիրում զբաղվել: Եթե անգամ  ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ անցկացնել սարերում,անտառներում,լեռներում:

Ըստ Ձեզ, ո՞րն է  առողջ լինելու գրավականը:

Առողջ լինելու գրավականը սեփական մտքերի վրա աշխատելն ու մաքրելն  է, որովհետև մարդը կարող է սնվել առողջ, ամեն օր խմել դդմի կամ գազարի հյութ, բայց ունենալ շատ բացասական մտքեր: Այդ պարագայում  մարդը  չի կարող առողջ լինել, որովհետև մեր առողջությունը սկսվում  է մեր առողջ մտքերից: Մարդուն չես կարող ասել սկսիր մտածել առողջ կամ ճիշտ, որովհետև դա ճանապարհ  է, և միտքն էլ է հիմք: Եթե մարդ  չունի դրա կառույցի՝այսինքն մտքի մասին գիտելիք, թե  դա ինչից է կազմված, բնականաբար  նա  չի կարող գիտակցել, թե դա ինչպես է պետք կառավարել, և հենց այս ամենը յոգայի միջոցով կարելի է սովորել։

Որքանով որ տեղյակ եմ, դուք առողջ  ապրելակերպով եք զբաղում: Կնշե՞ք երեք բան, որոնք անհրաժեշտ են առողջ ապրելակերպով զբաղվելու համար:

Առողջ  ապրելակերպով զբաղվելու համար շատ կարևոր բաներ կան, բայց ամենակարևորը ճիշտ մտածելն է, ճիշտ սնվելն ու ռեժիմով քնելը։

Ձեզ համարու՞մ եք երջանիկ մարդ:

Ընդհանուր առմամբ, այո , ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև իմ երջանկության չափանիշները արտաքին աշխարհում չեն, այլ իմ ներսում: Իսկ ես իմ  ներսում գտել եմ իմ ինքնառեալիզացիան, և գտել եմ այն ճանապարհը, որով ուղղում եմ իմ էներգիան ճշգրիտ կետերի վրա և այդ իսկ պատճառով, համարում եմ ինձ երջանիկ մարդ: 

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին: Արդյո՞ք այսօրվա երիտասարդները առողջ կյանք են վարում:

Այսօրվա երիտասարդությունը, եթե նայենք առողջական տեսանկյունից շատ վատ կյանք է վարում: Ես հաճախ եմ  տեսնում, որ վատ են սնվում և բավականին ուշ են քնում: Վաղ թե ուշ ցանկացած ուշ քնող մարդ, ով քնում է ժամը մեկից ուշ, ունենալու է առողջական խնդիրներ: Եվ այսօր, երբ  երիտասարդների հետ կոնսուլտացիա եմ անցկացնում, 15-16 տարեկանոմ  արդեն ունեն վահանաձև գեղձի խնդիր, սննդի մասին էլ չխոսեմ: Արագ սննդի կետերը, հավի թևիկները, գազավորված ըմպելիքները, չիպսերի մասին  էլ չեմ էլ ուզում խոսել իհարկե, մեր երիտասարդները այս առումով շատ վատ վիճակում են գտնվում, և պետք է ճիշտ խորհուրդներ տալ նրանց: Պետք է լինեն ճիշտ մեթոդներ կամ ուսուցողական հաղորդումներ, որոնք կկարղանան երիտասարդներին ներգրավել այս ամենի՝այսինքն առողջ ապրելակերպի մեջ: Ես ինչ կարողանում,անում եմ և շատերին ներգրավել եմ այս ապրելակերպի մեջ, բայց դա շատ քիչ է, շատ ավելի մասշտաբային մոտեցում է պետք:

Եվ վերջին հարցը՝ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

Արևն ու լուսաբացներն իմ ոգեշնչումն են։ Ես այդ երկուսից եմ ոգեշնչվում: Ճիշտ է՝ ձմռանը մի փոքր դժվար է լինում ոգեշնչվելը: Չնայած ես գնահատում եմ տարվա բոլոր եղանակները, բայց ձմռանը ցրտից դժվար եմ ոգեշնչվում, այդ իսկ պատճառով սիրում եմ արևն ու լուսաբացները: Երբ արևը ծագում է, ինձ թվում է՝  ես ընդունակ եմ ամեն լավ բանի և ես ճիշտ եմ, քանի որ մարդկային հնարավորությունները անսահմանափակ են: Եթե դու իրոք հավատում ես քո ուժերին, դու կարող ես հասնել քո ուզածին:

Հարցազրուցավար՝ Մանե Կարապետյան

Խմբագիրներ՝ Սաթենիկ Մելոյան , Միլենա Փիրումյան , Լիլիթ Մանուկյան

Նկարները վերցված են ՝ Նարինե Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից