Հայ երգիչների մեծ մասն ընդհանրապես կապ չունի արվեստի հետ. ԴերՀովա


6

Մասսայական երգիչները հույսները հիմնականում դնում են հարսանիքի վրա: Բացի այդ՝ մեր հայ երգիչների մեծ մասն ընդհանրապես կապ չունի Արվեստի հետ, որն այս ասպարեզում բավականին շահարկված բառ է դարձել… 

  • Հայաստան տեղափոխվելու մասին
  • Երաժշտական ասպարեզի խնդիրների մասին
  • Երգչուհիներ Հասմիկ Կարապետյանի ու Արփիյի համագործակցություների մասին

Ինչու՞ ընտրեցիք երգահանի, կոմպոզիտորի մասնագիտությունը, երաժշտական կրթություն ունե՞ք:

-Մանկուց մեծ սեր ունեի արվեստի հանդեպ, հատկապես երաժշտության, դերասանության ու բեմադրության։ 9-10 տարեկանից մեղեդիներ էի գրում։ 17 տարեկանում համագործակցում էի մեծ համաշխարհային ընկերությունների հետ։ Ավագ դպրոց դեռ չավարտած՝ պարզ էր, որ երժաշտության ասպարեզում էր լինելու իմ կարիերիան։ 

Կանադայի Տորոնտո քաղաքը թողեցիք և տեղափոխվեցիք Հայաստան։ Անցումը հե՞շտ եղավ։

-Դժվարությունները շատ շատ էին։ Արևելահայերեն չիմանալու պատճառով՝ հաղորդակցության խնդիր կար, մտածելակերպի հարց կար, և երաժշտական ասպարեզում էլ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էի նկատում ու դեռ նկատում եմ։ Այս 20 տարվա ընթացքում ինչքան կարողացել եմ, փորձել եմ հարմարվել, բայց չէի ասի՝ 100% հարմարվել եմ։ Այնուամենայնիվ՝ առաջին օրվանից փորձել եմ ավելի շատ տեղացի հայերի հետ շփվել, մտերմանալ ու համագործակցել, հասկանալ՝ ինչպես մտնել ասպարեզ։ Բախտս բերեց այն առումով, որ իմ առաջին աշխատանքը Հայաստանում շատ մեծ հաջողություն ունեցավ ու միանգամից շատերի կողմից համագործակցության առաջարկներ ստացա։ Խոսքը Հայք խմբի «Քամի փչի» երգի մասին է, որը թողարկեցինք 2006 թվականին։ 

Դուք հանդիսատեսին ներկայանում եք ԴերՀովա կեղծանվամբ:  Ինչու՞ ԴերՀովա: Ի՞նչ է նշանակում ԴերՀովա:

-Ազգանունս Տեր-Հովակիմյան է, իսկ մենք՝ արևմտահայերս, Դեր-Հովակիմյան ենք արտասանում։ ԴերՀովան էլ ազգանվանս առաջին կեսն է։ 

Ձեզ հանդիսատեսը և լսարանը այս կատարողների երգերով են հիշում: Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», որը մասնակցել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին և գրավել 4-րդ տեղը, գործիքավորել եք Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում: 2006թ-ից համագործակցել եք հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ՝ Արամե, Լիլիթ Հովհաննիսյան, Դավո, Արսեն Սաֆարյան, «Ռեինկարնացիա» և ուրիշներ: Մի փոքր պատմեք երգերի ընտրության, ստեղծման և համագործակցությունների մասին։

-Մարտահրավերների մեծ սեր ունեմ, միշտ  նախընտրել եմ նորություններ փորձել։ Ես ունեմ պարզ ձեռագիր, լսողը միանգամից հկասկանա, որ իմ ձեռքի գործն է, բայց դրա հետ մեկտեղ՝ երբեք չեմ սիրում կրկնվել։ Դժբախտաբար՝  մեր ազգի սպեկտորը այդքան էլ լայն չի, ու բոլորս էլ գիտենք՝ մեծամասնությունը ինչ ոճեր է նախընտրում։ Հայաստանում կան հիանալի իրական արվեստագետներ, ովքեր ստեղծագործում են շատ տարբեր ոճերի մեջ, բայց ցավալի է, որ մեծ մասը ստեվերում են։ Ինչ վերաբերվում է իմ համագործակցություններին՝ դրանք կախված են պահից, անձից ու, իհարկե, ստեղծագործությունից։ Եթե միանգամից չեմ պատկերացնում՝ ինչպես եմ գործիքավորելու տվյալ ստեղծագործությունը, կարող է՝ միանգամից մերժեմ առաջարկը: 

Դուք երկար տարիներ և հատկապես վերջին ընթացքում համագործակցում եք երգչուհի Արփիի և Հասմիկ Կարապետյանի հետ: Երկու տարբեր երգչուհիներ: Որոշ խոչընդոտների երևի հանդիպել եք և եթե այո, ի՞նչ է պետք դա հաղթահարելու համար։ Ի՞նչ բարդությունների եք հանդիպել, և Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։

-Արփին ու Հասմիկը շատ տարբեր անձնավորություններ են, բնականաբար շատ տարբեր ասելիքներով հեղինակ-կատարողներ են։ Կարևորը երկուսին էլ շատ լավ եմ ճանաչում, հասկանում, ու միշտ վստահել ենք իրար։ Ինչ վերաբերում է բարդություններին՝ ամենամեծ բարդությունը, ինչպես շատերի մոտ, ֆինանսական խնդիրն է, որը հիմնականում մեծ դեր է խաղում տեսահոլովակ նկարելու և PR անելու ժամանակ։ Հասարակ մարդիկ չեն պատկերացնում՝ երգիչներն ու երաժիշտները ինչ մեծ գումար կարող են ծախսել տվյալ գործը գովազդ անելու վրա։ Նույնն էլ տեսահոլովակը նկարելու ծախսը, որը կարող է երգչի վրա թանկ արժենա, հազարավոր դոլլարներ, կարող է շատ լավ երգ պատրաստես, բայց միևնույն է՝ առանց «ուժեղ» գովազդի՝ այդ ստեղծագործությունը կարող է հաջողություն չունենալ։ 


Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցիք նոր երգ՝ «Հանի տանի»: Մի փոքր պատմեք երգի ընտրության, ստեղծման և իհարկե Ափօ Սահակեան-ի հետ համագործակցության մասին։

-Ափօյի մասին վաղուց էի տեղյակ,  բայց ծանոթացանք ու մտերմացանք այս անցած ամիսների ընթացքում: Ափօյին ծանոթացրեցի Արփիի հետ այն հույսով, որ մի օր կհամագործակցենք։ «Հանի տանի»-ի ստեղծման ընթացքը շատ արագ ստացվեց։ Սկզբից Ափօն երգի սևագիրը ուղարկեց ինձ, որը գրել էր մոտ 12 տարի առաջ։ Սևագիրը լսելուց հետո միանգամից պատկերացրի՝ ոնց կգործիքավորեի երգը։ Երգի կրկներգը պահեցինք՝ ոնց կար, բայց «տների» ու «կամուրջների» բառերը Ափօն ու Արփին համատեղ գրեցին։ Տեսահոլովակի համար ցանկացանք շատ պարզ պահել ամեն ինչ՝ ուղղակի ընկերներով հավաքվել, ընթրել, խմել, պարել և ուրախանալ ու այդ ամենը նկարահանել՝ որպես տեսահոլովակ։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ ես և Մարիամ Գևորգյանն ենք։

Ինչպիսի՞ արձագանքներ եք լսել հանդիսատեսից:

-Արձագանքները բավականին դրական են եղել։ Ամեն դեպքում՝ երգի մեծ տարածումը և հաջողությունը կախված է լսարանից։ Չէի ասի, որ շատ արագ տեմպով է տարածվում, համենայն դեպս՝ դեռ հույս ունենք։ Կարևորը՝ մենք գոհ ենք մեր պարզ ու անկեղծ աշխատանքից։ 

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիրներ ունի մեր հայկական «երաժշտական շուկան»:

-Խնդիրներն, իհարկե, շատ շատ են։ Գումար աշխատելու հարցը միշտ եղել է, որովհետև հայ լսարանը այդքան էլ մեծ չէ։ Մասսայական երգիչները հույսները հիմնականում դնում են հարսանիքի վրա։ Բացի այդ՝  մեր հայ երգիչների մեծ մասն ընդհանրապես կապ չունի Արվեստի հետ, որն այս ասպարեզում բավականին շահարկված բառ է դարձել։ 

ԴերՀովա, ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով և ի՞նչ նորություններով կներկայանաք հանդիսատեսին առաջիկայում։

-Այս պահին չունեմ կոնկրետ ինչ որ ծրագրեր: Տարբեր մտքեր միշտ էլ կան, մնում է՝ կենտրոնանամ և իրականացնեմ մտքերս։ 

Խորհուրդ, որը կտաք ապագա երգիչ, երգչուհիներին…

-Այս դարում աշխարհի ամենա անտաղանդն էլ կարող է «աստղ դառնա» մի օրվա մեջ։ Շատ հաճախ անհասկանալի ու անսպասելի դեպքեր են լինում, երբ շատ պրիմիտիվ գործերը դառնում են համաշխարհային հիթեր։ Բայց արտիստը պետք է ասելիք ունենա, համբերատար ու կենտրոնացած լինի, աշխատի։ Այս դարում ամեն ինչ շատ արագ տեմպով է շարժվում։ Երբ երգիչը ինչ որ հաջողության է հասնում, պետք է շատ արագ նոր գործեր թողարկի ու մնա ուշադրության կետրոնում, որպեսզի այդ ստատուսը պահի։ Մեկ էլ մի խորհուրդ. իհարկե բացառություններ լինում են, բայց երբեք չմտածեք, որ այս ասպարեզում հարստանալու եք։ Ու վերջին խորհուրդս, որը կարծես ավելի շատ մեր ազգի երգիչներին է վերաբերում՝ չար մարդկանց վրա ուշադրություն մի դարձրեք։ Անիմաստ, ոչ տեղին, վատ արձագանքներ կարող է՝ շատ լսեք, որը հիմնականում նախանձից է։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան