Ստեղծագործնելն իմ տարերքն է. Գերցինա Պետրոսյան


3

Այսօրվա մեր զրուցակիցը՝ Գերցինան է։ Գերցինան սովորում է ԵՊԲՀ – ի, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի, 6-րդ կուրսում։ 
«Ստեղծագործնելն իմ տարերքն է» ասում է  նա և պատմում իր ու իր ընկերների մեծ նախագծի մասին, որի մեկնարկը տվեցին ընդամենը երկու տարի առաջ։

Գերցինա, մի փոքր պատմեք Ձեր մասին ու թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։ 

Այս պահին սովորում եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ավարտական կուրսում: Մանկուց ի վեր երազել եմ բժիշկ դառնալ և ինձ միշտ հետաքրքրել է մանկաբարձություն և գինեկոլոգիա ճյուղը բժշկության մեջ, նեղ ուղղվածություններից։ 

Նոր երեխայի ծնունդը, նոր հույսի, հավատի կյանքի սկիզբ է և ինձ համար բոլոր մասնագիտություններից ամենամարդասիրականը դա հենց բժշկի մասնագիտությունն է։  Բժշկի անվան կոչմանն արժանանալը բավականին խրթին է, բայց օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել այդ հաջողությանը։

Գերցինա բժշկության մեջ ո՞ր ուղղությունն եք ընտրել ։ 

Արդեն կողմնորոշվել եմ և հստակ գիտեմ , որ դառնալու եմ  մանկական գինեկոլոգ։ Ինչո՞ւ հենց մանկական գինեկոլոգ, որովհետև նեղ բժշկության մեջ նոր զարգացող ճյուղ է, երկրորդ՝ մանուկ աղջիկներին չափազանց ուշադիր պետք է կարողանանք բժշկական օգնություն ցուցաբերենք, բժկական ծառայություններ մատուցենք , որպեսզի հետագայում վերարտադրողական տարիքում չունենանք առողջական խնդիրներ ու մտածում եմ,  որ էստեղ շա՜տ բացեր կան, որոնց պատասխանները պիտի փորձենք գտնել, այդ հարցի խնդիրների լուծումը գտնենք և ի վեր հանենք առկա խնդիրները, տալով դրանց ճշգրիտ լուծումները։

Ինչպե՞ս միտք եղավ ստեղծել «Բժշկի ուղի»-ն։ 

«Բժշկի ուղի» նախագիծը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Կարիերայի կենտրոն»-ի նախագահ՝ Խաչատուր Սահակի Մարգարյանի կողմից։ Ստացա առաջարկ բարեվարքության դասընթացներ անցկացնել ուսանողների շրջանակներում։ Երկար զրույցներից հետո և մեկ ամիս ու ավելի տևող աշխատանքից հետո ստեղծվեց մեր նախագիծը, որը հաջողություն գրանցեց ուսանողների կողմից։ Ստացված նախագիծը երկու տարի և ավելի է, որ գործում է և ավելի քան 600 ուսանող թե՛ քոլեջի, թե՛ համալսարանի մասնակցություն են ունեցել բոլոր ֆակուլտետներից։

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։ 

Բնականաբար նախագծի ստեղծման պրոցեսում և ընթացքում ունեցել ենք դժվարություններ, բայց այդ դժվարությունները լուծելի են եղել, որովհետև ես ընկերներիս հետ, թիմով աշխատանք իրականացնելիս մեր որդեգրած սկզբունքներին ենք հետևել ու առաջնորդվել ենք դրանցով։ 

Եվ այդ սկզբունքներն են՝ լինել մաքսիմալ անկեղծ, ընկերասեր ու այս նախագիծը տանենք դեպի իր նպատակին։ Իսկ նպատակն այն է, որ ապագա բժիշկը լինի զարգացած, որպեսզի բժիշկն ունենա մի շարք հմտություններ այն նեղ ոլորտներից ու մասնագիտություններից, որպեզի  կարողանա ավելի դյուրին կերպով հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները և մեր հաջողության բանալին այն է, որ հիմքում ընկած է՝ ընտանիքի գաղափարախոսությունը։  Մենք մեծ թիմ ենք, մի մեծ ընտանիք և բոլորիս նպատակն է ստանալ կրթություն և լինել օրինակելի բժիշկ։

Ի՞նչ գործունեություն է ծավալում «Բժշկի ուղի»-ն։ 

«Բժկի ուղի»-ն երկշաբաթյա, ոչ ֆորմալ կրթությամբ է ապահովում ուսանողներին։
Մենք ունենք առաջատար մասնագետների հետ հանդիպումներ տարբեր ոլորտներից, օրինակ՝ մարկետոլոգների հետ հանդիպումներ, առաջնորդության դասընթացներ, ժամանակի կառավարման դասընթացներ, ինչպես նաև բժշկական հոգեբանության և դերասանի վարպետության օր։

Ինչու՞ անվանեցիք «Բժշկի ուղի»։  

Ինչ վերաբերվում է ծրագրի անվանը, մենք մեր ղեկավարի հետ միասին որոշել ենք, որ պետք է կոչենք՝ «Բժշկի ուղի»։ Ծրագրի բոլոր մասնակիցներն ապագա բժիշկներ են ու պետք է որոշակի դժվար, խրթին ուղի անցնենք, որպեսզի հասնենք մեր նպատակին ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Բժշկի ուղի»-ն ։ 

Մեր հիմնական նպատակն այն է , որ ցանկացած ապագա բժիշկ, ապագա մասնագետ, ունենա ինքնազարգացվածության միտք և այս նախագիծն օգնում է , որպեսզի մենք կարողանանք լինել բարեվարք  , ունենանք ընդհանուր գիտելիքներ շա՜տ ուղորդող  և արդիական մասնագիտությունների մեջ։ Ես նաև դասախոսում եմ ու սովորեցնում եմ ինչպես կազմել CV, ինչպես գտնել աշխատանք, ինչպես ներկայանալ գործատուին, որովհետև փոխվել են ժամանակները և ժամանակին համընթաց ուսանողներս աշխատում ենք, սովորում ենք ու շատ կարևոր է գտնել ճիշտ աշխատանք, ուսանողական տարիներից սկսած կարողանալ ստեղծել քոնը ու ես խրախուսում եմ , երբ ուսանողներն աշխատում են։

Ովքե՞ր են դասախոսները: 

Դասախոսական կազմը հետևյալն է ՝ 

Մարթա Սիմոնյան – մեր մարկետինգի դասախոսն է, մասնագիտությամբ դեղագետ է, ինչպես նաև «Սմարթ Լայնս» մարկետինգային կազմակերպության  տնօրենը։

Առաջնորդությունը դասավանդում է Ռաֆայել Ռևազյանը` մասնագիտությամբ բժիշկ, պրոկտոլոգ, անցել է մի շարք վերապատրաստումներ։ 

Ժամանակի կառավարումը դասավանդում է Քրիստինե Ավետիսյանը` մասնագիտությամբ հոգեբան է և մասնակցել է մի շարք ծրագրերի։ 

Համազգային թատրոնի դերասանուհի՝ Տաթև Ղազարյանը դասավանդում է հռետորաբանություն և դերասանի վարպետություն։ 

Հոգեբանության դասախոս՝ Եվա Ասրիբաբայան։

Ի՞նչ հաջողությունների եք հասել այս ընթացքում ։

Նախագծի ընթացքում մեր ամենամեծ հաջողությունը՝ մեր ընկերությունն է, շա՜տ հարազատ մարդիկ ենք ձեռք բերել, հաճախ ենք հանդիպում, տարբեր աշխատանքներ իրականացնում, networking ենք անում ու մեր հաղորդակցման հմտությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Մենք իսկապես սիրված ենք ուսանողության կողմից, մենք էլ ուսանողներին ենք շատ սիրում։ Մենք ցանկացած պահի թիմից դառնում ենք մեծ ընտանիք և այդ գաղափարախոսությամբ էլ ի սկզբանե առաջնորդվել ենք: Պատրաստակամ ենք իրար կողքի լինելու, աջակցելու։ Ժամանակ առ ժամանակ  տեսնում ենք թե ինչպես է հղկվել իրենց խոսքը, հաջողություններ են գրանցում և սովորած գիտելիքները կիրառելի են դարձնում։  

Նախագիծը կմեկնարկի փետրվարի 12-ին ։ Ցանկացողները կարող են գրանցվել մտնելով Ֆեյսբուքյան կամ Ինստագրամյան էջեր «Բժշկի ուղի» կամ լրացնելով օնլայն հայտը։ Մենք իրենց հետ կապ ենք հաստատում և իրենք մասնակցում են նախագծին, միայն պետք է ցանկանալ և ժամանակ տրամադրել, որպեսզի մասնակցեն նախագծին։

Հարցազրուցավար` Մարիամ Ավետիսյան
Նկարները` Գերցինա Պետրոսյանի անձնական արխիվից
Խմբագիր` Նանե Նորեկյան