Բոլորովին ցանկություն չունեմ բնակություն հաստատելու Եվրոպայում. Հակոբ Բաբայան


0

Այսօրվա մեր զրուցակիցը արցախցի Հակոբ Բաբայանն է, ով հաղթահարելով կյանքի մարտահրավերները, իր համար գտավ ապրելու և հայկական դուդուկն ապրեցնելու տարբերակ։

Կպատմե՞ք Ձեր առաջին ելույթի մասին , որն ուղեկցեց Ձեզ դեպի մեծ, արժեքավոր և նույնչափ կարևոր աշխարհ, դեպի ՝ երաժշտություն ։ 

– Իմ առաջին համերգը տեղի է ունեցել 2009 թվականին , Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, մեր դպրոցի հիմնադրման յոթանասուներորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և դրանից հետո շարունակվեցին իմ համերգային ծրագրերը։

Հակոբ, ո՞վ է հանդիսացել Ձեզ համար մոտիվացիայի աղբյուր ։ 

– Ինձ համար մոտիվացիայի աղբյուր հանդիսացել եմ ես ինքս ,շատ եմ զբաղվել ինձնով, ինքնակատարելագործվել ։ Ես այս ամենին հասել եմ իմ  կամքի , իմ հավատքի, իմ աղոթքների շնորհիվ և շնորհակալ եմ Աստծուն այդ շնորհներն ինձ ընծայելու համար։

Եղե՞լ են ինչ որ հիասթափություններ կապված Ձեր նախընտրած գործիքի կամ երաժշտության հետ։ 

– Նախընտրած գործիքի, երաժշտության հետ կապված չեն եղել , բայց եղել են պահեր , երբ փորձել եմ համագործակցել խմբերի , օրկեստրների հետ և բոլորը չէ , որ համաձայնության են եկել կամ ցանկացել ։ Պատահել են դեպքեր , երբ 10 խումբ հրաժարվել է համագործակցությունից , 20 խումբ համաձայնություն է տվել համագործակցությանը։

Հակոբ , ո՞վ են Ձեր հավատարիմ հանդիսատեսը ։ 

– Իմ առաջին հանդիսատեսը եղել են մեր համագյուղացիները, որոնց համար դարձել եմ ուրախության, հպարտության առիթ և այդպես ինձ սկսեցին ընդունել, որպես երաժիշտ, հետո արդեն հասարակության կողմից ուշադրության արժանացա, և որքանով որ նկատել եմ՝ քիչ լսարան չունեմ։

Գտե՞լ եք ինչ որ արժեքավոր նմանություններ Ձեր և գործիքի միջև,ինչպե՞ս ստացվեց,որ հենց այն Ձերը դարձավ ։ 

– Մանկուց շատ եմ սիրել երաժշտությունը, ուղղակի հնարավորություն չի եղել երաժշտական կրթություն ստանալու, հնարավորություն ստեղծվեց այն ժամանակ, երբ սովորում էի 9-րդ դասարանում։ Երբ շվին վերցրի ձեռքս ու փորձեցի նվագել, ստացվեց ինձ մոտ, այդ պահից ի վեր այն դարձավ իմը։ Շվիին փոխարինեց դուդուկը, զուռնան և կարելի է ասել մեր ազգային փողային գործիքների մեծ մասին տիրապետում եմ, բայց եթե լիներ հնարավորություն դաշնամուր, ակորդեոն  կամ մեկ այլ գործիք սովորելու, միգուցե դրանցից մեկն ընտրեյի։

Չե՞ք ցանկանա ունենալ սաներ , կրթել նրանց , ծանոթացնել կամ հետաքրքրություն առաջացնել դեպի գործիքները ։ 

– Իհարկե կցանկանամ, դրանք մեր ազգային գործիքներն են, որոնք որ ներկայացնում են մեր ազգը, մեր մշակույթը, պատմությունը, ուղղակի ես դեռ ունեմ անկատար նպատակներ և ցանկանում եմ ավելի կատարելագործվել, որպեսզի կարողանամ իմ սաներին ավելին սովորեցնել։

Ձեր գրանցած վերջին հաջողություններն ու տպավորությունները ։ 

– Վերջին համերգս տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում, փետրվարի հինգին։ Տպավորություններ շատ հուզիչ էին, քանի որ դահլիճում նստած էին  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Եվ բոլորիս հոգիներում այդ անհագ կարոտն էր, թե՛ Արցախի բարբառով երգերի, թե՛ երաժշտության հանդեպ։ Բոլորիս աչքերի առջևով  Արցախն էր անցնում ու բոլորս մտքով դեպի մեր տուն էինք գնում ։

Հետագայում ի՞նչ անելիքներ ու սպասելիքներ ունեք ։ 

– Նպատակ ունեմ ուսումս շարունակելու, ավելի կայանալու երաժշտության մեջ։  Ցանկանում եմ կրթությունը շարունակել Եվրոպայի հանրահայտ կոնսերվատորիաներից մեկում, որի համար կխնդրեմ մեր հայրենակիցներին՝ ովքեր կարող են ինձ այդ հարցում օգնել ու աջակցել, ես իսկապես ունեմ դրա կարիքը։ Մեծ նպատակներ ունեմ խորանալու երաժշտության մեջ և ավելի մասնագիտանալու, որպեսզի կարողանամ պիտանի լինել իմ հայրենիքին իմ մշակութապահպան գործունեությամբ։ Բոլորովին ցանկություն չունեմ բնակություն հաստատելու Եվրոպայում, պարզապես ցանկանում եմ մասնագիտության մեջ կայանալ ու արդեն ունեմ ֆլեյտա նվագելու մեծ ցանկություն ։

Սիրելի հայրենակիցներ, ովքեր կցանկանան իրենց փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ այս հայրենապահպան գործունեությամբ զբաղվող արցախահայ երաժշտի կրթության գործում, կարող եք Ձեր փոքրիկ ներդրումը փոխանցել նշված հաշվեհամարներին։

HAKOB BABAYAN
ARDSHINBANK
2472402420540040 AMD
2472402420540050 USD
2472402420540080 RUR
2472402420540070 AMD
2472402420540060 USD

Հարցազրուցավար` Նանե Նորեկյան 
Նկարները`  Հակոբ Բաբայանի անձնական արխիվից