Իրանցի կանանց թույլ կտան մարզադաշտում ֆուտբոլ դիտել


3

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլի մարզադաշտերում կանանց ներկայությանը, հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։

«Կանայք կկարողանան մտնել մարզադաշտեր, բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է այս հարցը, և… աշխատանքային խումբ է նշանակվել (դրա) իրականացման համար։ Ներքին գործերի նախարարությունը, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը, ֆուտբոլի ֆեդերացիան և Տեղեկատվության (հետախուզության) նախարարության երկու գերատեսչություններ պլանավորում են կանանց (մարզադաշտեր) մուտքի մանրամասները»,- Թաջի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Թաջը հայտարարել է նաև սպորտային ռադիոյով կանանց սպորտին նվիրված հատուկ ալիքի գործարկման մասին։

Հունվարին Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ փոխղեկավար Մանսուր Գանբարզադեն ասել էր, որ ֆեդերացիան խոստացել է բոլոր ջանքերը գործադրել մոտ ապագայում մարզադաշտում խաղեր դիտելու իրանցի կանանց ցանկությունը կատարելու համար։ Նա կոնկրետ ժամկետ չի նշել, թե երբ կանանց թույլ կտան ներկա գտնվել խաղերին, սակայն ընդգծել է, որ թույլտվության պահանջը ՖԻՖԱ-ինը և Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայինն է: Սակայն, նշել է նաև, որ մարզադաշտում կանանց ներկայության կազմակերպումը պետք է համաձայնեցվի Ֆուտբոլի ֆեդերացիայից բացի իշխանությունների հետ:

Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը իրանցի կանայք ազատ կարողացել են մարզադաշտում խաղեր դիտել: Սակայն հետագայում նրանց արգելել են դիտել այն մրցումները, որոնց մասնակցում են տղամարդիկ։