Հաշմանդամություն ունեցողները կյանքին նայում են կողքից. Միլենա Գասպարյան


5

13-ամյա Միլենա Գասպարյանի մոտ ի ծնե հայտնաբերվել է սպինա բիֆիդա՝ ողնաշարային ճողվածք։ Առ այսօր վերկանգնողական բուժումները շարունակական բնույթ են կրում։ Նրա մայրիկը՝ Ժենյա Մխիթարյանը Միլենային միայնակ է մեծացնում։ Միլենան մայրիկի աջակցությամբ լիարժեք ընդգրկվում է հասարակություն՝ անմասն չմնալով և ոչ մի միջոցառումից։ Այս անգամ Միլենան մասնակցել է Լեհաստանում կայացած «Հնչյունով ներկված ինտեգրում» երգի միջազգային փառատոնին և արժանացել պատվոգրի և շնորհակալագրի։ Միլենան այս մասին պատմել է Ranking-ին հարցազրույցի ընթացքում։

Մի փոքր պատմեք համերգի մասին և ինչու՞ որոշեցիք մասնակցել Լեհաստանում «Հնչյունով ներկված ինտեգրում» երգի միջազգային մրցույթին։

Ուզում եմ բոլորն իմանան իմ մասին։ Բեմում ինձ հետ եղել է երգիչ՝ Կոնրադ Վրոցլավյակը։ Կատարել եմ հայտնի մուլտֆիլմի «Рапунцель и Юджин – Я вижу свет» սաունդթրեքը։

Կյանքում որևէ նմանատիպ հաջողության հասե՞լ եք։
Ունեցել եմ 3 ցուցահանդես, բայց այս մեկը ավելի մեծ եմ համարում, որովհետև շատ եմ ուզում որ ինձ ճանաչեն իմ տաղանդով։

Հաշմանդամություն ունենալով հանդերձ կարողացա՞ք կոտրել բոլոր կարծրատիպերը։ Եթե այո,ապա ինչպե՞ս։
Բեմ բարձրացա առաջին անգամ։ Առաջին անգամ եմ եղել օտար երկրում, այն էլ առանց մայրիկի։ Այո կարծրատիպերը կոտրեցի, արժանացա պատվոգրի ու շնորհակալագրի։

Երգը և երաժշտությունը ձեր կյանքում ի՞նչ դեր են զբաղեցնում։
Երբ տխուր եմ, լսում եմ տխուր երգեր, բայց որ ուրախ եմ լինում լսում եմ ուրախ երգեր։ Հիմա սկսել եմ ավելի շատ սիրել երգը, ինչպես նաև ուզում եմ շարունակել երգով, և շուտով նոր երգ եմ ձայնագրելու։

Ի՞նչ խորհուրդ կտաք հաշմանդամություն ունեցող անձանց։
Ուզում եմ ասել, որ արդեն իսկ բոլոր տեղերում տարբերություն չի դրվում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և սովորական մարդու միջև։ Ամեն տեղ նույն կերպ են վերաբերվում մեզ։ Դա նշան է, որ այո, նրանք կարող են։

Ի՞նչ տվեց մրցույթը Ձեզ։
Դրսում շատ ընկերներ, ավելի շատ գնահատեցի Հայաստանս, հասկացա ինչ է կարոտը, և ճանաչումը։

Հարցազրույցի ավարտին Միլենան ավելացրեց, որ․․․
Հաշմանդամություն ունեցողները ավելի բարի ու ավելի լավն են, որովհետև նրանք կյանքին նայում են կողքից:

Նկարները վերցված են Ժենյա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Հարցազրուցավար՝ Նելի Ներսիսյան
Խմբագիր՝ Սաթենիկ Մելոյան