Հայկական սերիալների միսիան հայ հասարակությանը վերջնական ինտելեկտուալ կոլաբսի հասցնելն է …


5

Նրան շատերը անվանում էին Հայկական ժամանակակից երգարվեստի «կնքահայր»։ Ranking.am -ի հետ զրուցել է օպերային երգիչ, երգահան, պրոդուսեր, հայկական բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը , ով երկարատեւ դադարից հետո նորից վերդառնում է երաժշտական ասպարեզ բոլորովին նոր գույներով …

Ռիչարդ ինչպե՞ս մուտք գործեցիք հեռուսատատեսություն և ինչպե՞ս եղավ որ միանգամից որոշեցիք, որ այլևս չեք խաղալու ոչ մի հեռուստասերիալում։

– Հեռուստատեսություն մուտք գործեցի 2007 թվականին շատ պատահական։ Իսկ թե ինչու որոշեցի այլեւս չնկարահանվել որեւէ հեռուստասերիալում, պատասխանը հետեւյալն է ՝ ելնելով իմ անվտանգությունից, բոլոր առումներով: Հայկական սերիալները աղետ են ՝ թե ՛ դերասանների թե՛ դրանք դիտողների համար: Հայկական սերիալների միսիան հայ հասարակությանը վերջնական ինտելեկտուալ կոլապսի հասցնելն է, հետեւաբար ես չէի կարող մասնակիցը լինել այս արհավիրքի։

Ունե՞ք մտադրություն նորից վերադառնալ հեռուստասերիալ։

-Առաջին հարցի պատասխանից հետո կարծում եմ պարզ է պատասխանը…

Ժամանակին ոչ միայն ստեղծագործում էիք, այլ նաև երգում էիք։ Ինչու՞ է Ձեզ մոտ երաժշտական դադար, ինչու՞ չեք երգում։

-Ինձ մոտ ինչ որ շրջան երաժշտական դադար եղավ պայմանավորված բազում հանգամանքներով։ Իսկ թե ինչու չեմ երգում ՝ որովհետեւ հիմա կյանքում անելու շատ ավելի կարեւոր բաներ կան, բայց մոտ ապագայում որոշ ծրագրեր չեն բացառվում իմ մասնակցությամբ ։

Ռիչարդ վերջերս Մոհանայի հետ համագործակցություն ունեցաք։ Ինչպե՞ս եղավ ձեր համագործակցությունը։ Մի փոքր պատմեք։

-Մոհանան հանդիսանում է «Madlenyan Label»- ի արտիստ: Մեր առաջին երգը ՝ «Լաո»- ն հրապարակվեց մեկ ամիս առաջ, որը շնորհիվ Մոհանաի անզուգական կատարման եւ «Madlenyan Label»-ի անմնացորդ ներդրման, ունեցավ հրաշալի արձագանքներ հայ հասարակության կողմից եւ ոչ միայն հայ հասարակության։ Ինչպես գրեցին բազում կայքեր՝ «Լաոն» նոր գույներ բերեց հայ երգարվեստ, որի համար շնորհակալ եմ բոլորին։

Ինչպե՞ս են «ծնվում» Ձեր երգերը։

-Ինչպես ծնվում են երեխաները՝ մեկը հեշտ, մեկը ծանր, մեկը երկար սպասելով, մյուսը ժամանակից շուտ։

Ի՞նչ կարծիք ունեք նոր երգիչների մասին։ Արդյոք նրանք լավ են երգում թե՞ ոչ։

-Եթե խոսքը գրագետ, էսթետիկ, ինտելեկտուալ երգիչների մասին է ,որոնք շա՜տ քիչ են ցավոք սրտի, ապա լավ կարծիք ունեմ։ Խնդիրը լավ և վատ երգելու մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, թե ինչ ես երգում եւ ինչ ես ուզում ասել եւ ամենակարեւորը թե ինչպես ես ուզում ասել։

Հայաստանյան շուկայում ներկա պահին երգիչ, երգչուհիները մելիզմներով են ներկայանում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Լավ կլինի ժամանակը ավելի բովանդակային հարցերի վրա ծախսեինք։ Նման որակներին մեկնաբանություն թողնելը իմ գործը չէ, չնայած որ երբեմն պոռթկումներ լինում են նման այլանդակությունների հետ կապված։ Բնականաբար վերաբերվում եմ շատ վատ։

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։ Որո՞նք են դրանք, մի փոքր կբացե՞ք փակագծերը։

-Առաջիկայում «Madlenyan Label»- ը Մոհանաի հետ համատեղ կհրապարակի նոր երգեր։ Իսկ իմ մասով կլինեն նոր ծրագրեր կապված էլեկտրոնային երաժշտության հետ։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Խմբագիր՝ Նառա Զաքարյան

Լուսանկարը՝ Ռիչարդ Մադլենյանի անձնական արխիվից