«TatevArt»-ը ստեղծելու նպատակը ազգային և մշակութային տեղեկություններ հաղորդելն է. Տաթեւ Պետրոսյան


4

Նկարիչ–դիզայներ, արվեստաբան Տաթեւ Պետրոսյանը դեռ ուսանողական տարիներից ստեղծագործել է։ 13 տարի առաջ սկսեց բուռն գործունեություն ծավալել։ Այդ ժամանակ նաև ստեղծեց «TatevArt» ֆեսբուքյան էջը, որի միջոցով հանրայնացնում է իր աշխատանքները։ Տաթևը Ranking.am-ին պատմել է իր կատարած աշխատաքների, սեր տարածելու և հոգևոր կապի մասին:

Տաթև ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Առաջին մասնագիտությամբ նկարիչ֊դիզայներ, իսկ երկրորդ մասնագիտությամբ` արվեստաբան։

Ինչպե՞ս գտաք Ձեր նկարչության ոգեշնչումը:

-Դեռ փոքր տարիքից սիրել եմ նկարել, ոգեշնչվել եմ հայկական մանրանկարչությամբ։

Ըստ Ձեզ նկարչուհու աշխատանքում ո՞րն է ամենակարևորը:

-Յուրաքանչյուր աշխատանքում հաջողության հասնելու բանալին սեր և հոգի ներդնելն է։

Արդյո՞ք հեշտ եք բաժանվում Ձեր նկարներից:

-Աշխատանքներիս մեծ մասը սրբապատկերներ են, որոնք ընծայվում են եկեղեցիներին կամ որևէ հավատացյալի։ Գործը սկսելուց առաջ աղոթում եմ պատվիրատուի, նվեր ստացողի և Տիրոջ կողմից ինձ տրված շնորհի համար։ Այդ իսկ պատճառով որևէ դժվարություն չեմ զգում աշխատանքներիցս բաժանվելուց։

Ինչպե՞ս ստեղծվեց «TatevArt»-ը

-«TatevArt»֊ը ստեղծելու նպատակը ոչ միայն աշխատանքներս ներկայացնելն էր, այլ նաև հոգևոր, ազգային և մշակութային տեղեկություններ հաղորդելը։

Կարո՞ղ եք ներկայացնել Ձեր գործունեությունը:

-Էջի միջոցով փորձում եմ հետևորդներին ծանոթացնել սրբերի վարքին, նրանց զորավոր աղոթքներին և եկեղեցական տոներին։

Ինչպե՞ս կբնութագրեք մեկ բառով «TatevArt»-ը:

-Մեկ բառով կդժվարանամ, բայց երևի թե «իմ ստեղծագործական աշխարհ»:

Ի՞նչ աշխատանքերով և ոճով եք հանդես գալիս:

-Հիմնականում նկարում եմ սրբապատկերներ, մանրանկարներ, պատրաստում եմ եկեղեցական պարագաներ` սուրբ սեղանի ծածկոցներ, խաչի թաշկինակներ, շուշպաներ, խաչվառներ, գլխաշորեր և այլն…

Ինչո՞ւ որոշեցիք հենց հոգևոր պատկերներ նկարել:

-Կարծում եմ դա ոչ թե իմ որոշումն էր, այլ ինձ տրված շնորհի կանչը։

Տաթև, կա՞ Ձեզ մոտ արդյոք ոճային փոփոխության մտադրություն և ինչու:

-Մարդ որքան օգտագործում է իր շնորհները, Աստված էլ ավելիով բազմապատկում է դրանք։ Գուցե ստեղծագործեմ այլ ոճով, բայց սրբանկարչությունն ու մանրանկարչությունը իմ արվեստի անկյունաքարն են։

Տաթև ի՞նչը Ձեզ տարավ դեպի «եկեղեցական կյանք»:

Աստծո նկատմամբ սերը, հավատքը և քրիստոնեական դաստիարակություն ստանալու փափագը։

Ի՞նչ ուղերձ ունեք մարդկանց Ձեր կատարած աշխատանքով:

-Ամեն ինչում ապավինել Աստծուն, աղոթել, խնդրել Տիրամոր և սրբերի բարեխոսությունը։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Լուսանկարները՝ Տաթեւ Պետրոսյանի անձնական արխիվից