Ազգային պարը միշտ ոգեշնչել է, ինձ ուժ է տվել ու անկոտրուն կամք. Ենոք Ավետիսյան


3

Ranking.am-ը խոսել է 44-օրյա պատերազմի մասնակից, գերեվարված, գերությունից վերադարձած, հաղորդավար և պարող՝ Ենոք Ավետիսյանի հետ։
Ենոք Ավետիսյանը Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքից է։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 24-ին, գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։

Ենոք դու հանրությանը ծանոթ ես 44-օրյա պատերազմից հետո: Հասարակության կողմից ինչպիսի՞ արձագանքի ես հանդիպել և ինչպե՞ս ես վերաբերվել այդ խոսակցություներին:

– Կարծիքներ լինում են թե լավ թե վատ, բայց ես միայն լավն եմ կարևորում:

Ինչո՞ւ ընտրեցիր հենց հաղորդավարի մասնագիտությունը:

– Փոքր ժամանակ ցանկություն ունեի այդ ոլորտի մեջ խորանայի, հիմա մանկության ցանկությունն եմ իրականացնում:

 Ենոք, ինչպե՞ս սկսեցիր առաջին քայլերդ հաղորդավարության ասպարեզում։

– Արդեն սովորել և ավարտել եմ, առաջին քայլս ընդունվելն էր, հետո մնացած քայլերն եմ անում։ Կարևորը՝ ինքնուրույն:

Ձգտո՞ւմ ես եթեր դուրս գալ։

– Առայժմ ո՛չ, բայց շուտով:

 Տեղյակ եմ, որ նաև պարարվեստով ես զբաղվում: Ենոք, ընտանիքումդ արվեստագետններ կա՞ն։ Ի՞նչը տարավ քեզ դեպի պարարվեստ։

– Ոչ, չկան: Մանկության իմ որոշումներից էր, որը առաջինն եղավ իրականացնելու առումով, 10 տարեկանից սկսած, ու հիմա դրական եմ գնահատում իմ որոշումը:

Ի՞նչ ազդեցություն է ունեցել քեզ վրա պարը։

– Ազգայինը միշտ էլ ոգեշնչել է, ցանկացած վայրում և ժամանակահատվածում ուժ է տվել ու անկոտրուն կամք:

Որքանո՞վ է պարը քեզ համար ինքնաարտահայտման միջոց։

– Ռազմական ոգին, ուժը, ու հայրենասիրությունը իր մեջ կրող մեր պարերը պարելիս արտահայտում ենք ինքներս մեզ, մեր մեջ եղած ողջ էներգիան:

Ինչպե՞ս ես պատկերացնում պարողի և հաղորդավարի աշխատանքների համատեղումը։

– Շատ հետաքրքիր ու դրական բան կստացվի իմ պատկերացմամբ։ Ինչու՞ չէ, պարելուց բացի նաև կներկայացնեմ տվյալ պարի ստեղծումն ու պահպանումը, երկուսը միասին հեշտ կհամատեղվի:

Ենոք քեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ինչը կարող է լինել:

– Ոգեշնչման աղբույր չունեմ: 

Ո՞րն է հաջողության քո բանաձևը։️

– Դժվարությունները հաղթահարելը, ու առաջ շարժվելը:

Ո՞րն է քո բնավորության ամենաբնութագրական գիծը։

– Հանգստությունը։

Ի՞նչ նորություններով կներկայանաս առաջիկայում։

– Նորություններն իմ մոտ միանգամից են լինում, որ ինքս էլ չէմ հասցնում իմանալ դրանց մասին, այնպես որ սպասենք:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան
Նկարները՝ Ենոք Ավետիսյանի անձնական արխիվից