Բլոգեր դառնալու գաղափար նույնիսկ չեմ ունեցել, ամեն ինչ սկսվեց Իտալիայում. Անահիտ Ասրյան


1

Հարցազրույց՝ պլաստիկ վիրաբույժ, երգչուհի և երգահան Անահիտ Ասրյանի հետ:

Անահիտ ինչպե՞ս ստացվեց ,որ գնացիք  բժշկի ուղիով:

Ես դպրոցում գերազանց եմ սովորել հավասարապես լավ եմ սովորել բոլոր առարկաները, սակայն առանձնահատուկ սեր եմ ունեցել քիմիա և կենսաբանություն առարկաների հանդեպ։ Ուսուցիչներս նույնպես նկատել էին դա և ինձ անընդհատ խորհուրդ էին տալիս, որ բժիշկ դառնամ։ Երևի ավելի շատ նրանց խորհուրդներից հետո սկսեցի մտածել այդ ուղղությամբ և ընդունվեցի բժշկական համալսարան։

Մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ եք: Ինչու՞ ընտրեցիք պլաստիկ վիրաբուժությունը:

Բժշկական համալսարանում  սովորելու տարիներին հասկացա,որ վիրաբուժությունն իմ տարերքն է։ Ի սկզբանե որոշել էի ընդհանուր վիրաբույժ դառնալ,սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կին ընդհանուր վիրաբույժների համար անչափ դժվար է լինել լավ բժիշկ, և միաժամանակ լավ կին և մայր,նախապատվությունը տվեցի պլաստիկ վիրաբուժությանը։ Մենք՝ պլաստիկ վիրաբույժներս,օգնում ենք մարդկանց ավելի գեղեցիկ լինել, շտկել իրենց մարմնի որևէ մասի թերությունը, դարձնել նրանց այնպիսին, ինչպիսին իրենք են երազում։

Անահիտ, որպես վիրաբույժ աշխատում ե՞ք:

Այժմ ես՝ «Պլաստիկ և միկրովիրաբուժության» բաժնում եմ աշխատում և սովորում։ Օրդինատուրայի 2-րդ կուրսում եմ։

Անահիտ շատերը կատարում են պլաստիկ միջամտություներ: Ո՞րն է Ձեզ համար արտաքին միջամտություն կատարելու չափը:

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր հրաշքներ է գործում։ Մարդիկ՝ հատկապես կանայք, իրենց արտաքինը կատարելության հասցնելու համար դիմում են բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների։ Ես դեմ չեմ և ոչ էլ շահագրգռում եմ մարդկանց։ Սա այն ոլորտն է, ուր բուժառուն ինքն իր ցանկությամբ է դիմում բժշկին՝ անձամբ որոշելով իր արտաքին փոփոխության չափը։ Ըստ իս, յուրաքանչյուրի ցանկությունները բավարարելուց առաջ, բժիշկը պետք է որոշակի խորհուրդներ տա՝ միջամտությունները չափավորելու հարցում, սակայն, ի վերջո,բուժառույի կարծիքն ու ցանկությունն առաջնահերթ է, և պետք է հարգել։

Անահիտ նաև երգում եք ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը երաժշտության աշխարհ և կրթություն ունե՞ք։

Ես 5 տարեկանից երգում եմ։ Մանկությունս անցել է բեմում։ 8 տարեկանում ունեյի իմ սեփական ձայնասկավառակը։ Առաջին քայլերս արել եմ Կապանում՝ սովորելով «Վահան Մանուկյան» երգի ստուդիայում, նաև ավարտել եմ Կապանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, այնուհետև, Երևան տեղափոխվելուց հետո, երգել եմ՝ «Արևիկ» համույթում, սովորել «Երգի պետական թատրոնում», որը, ցավոք, չեմ ավարտել բժշկական համալսարանի ծանրաբեռնվածության պատճառով։

ժանրային ուղղվածություն ունե՞ք։  

Էստրադային։

Ո՞րն  է Ձեր սիրելի երաժշտական ժանրը: Ինչու՞։

Միշտ սիրել եմ,լսել ու երգել էստրադային երգեր։Ուղղակի մանկուց ինձ հոգեհարազատ է էստրադային երաժշտությունը։

Անահիտ նաև ներկայանում եք, որպես երգահան: Ինչպե՞ս բացահայտեցիք Ձեր ստեղծագործական տաղանդը:

Երկու տարի առաջ առաջարկ ստացա մեղեդի գրել արդեն իսկ գրված խոսքերի համար։ Սիրով ընդունեցի առաջարկը։ Մեղեդին հավանեցին, երգին կյանք տվեցին և ես դրանից ոգևորվեցի։ Սկսեցի արդեն ինքս գրել և՛ խոսքերը, և’ երաժշտությունը։ Այսպես ծնվեցին շատ ու շատ երգեր, որոնցից շատերն արդեն հնչել են, իսկ որոշները, հուսամ դեռ կլսենք։

Ձեզ համար ի՞նչը կարող է լինել երգեր գրելու առիթ:

Երգերս գրել եմ տարբեր իրավիճակներում՝կախված տրամադրությունից։

Անահիտ վերջերս ներկայացրեցիք «Սիրում եմ քեզ» երգը: Մի փոքր պատմեք երգի և տեսահոլովակի մասին:

«Սիրում եմ քեզ» երգս առանձնահատուկ տեղ է գրավում ինձ համար, քանի որ այն գրել եմ հարսանիքիցս առաջ՝ իմ սիրելի ամուսնու պատվին, և որպես անակնկալ նվեր՝ առաջին անգամ երգել հենց մեր հարսանիքին։ Տեսահոլովակն էլ մեր հարսանյաց հանդեսի ժամանակ է նկարվել։

Կա՞ մտադրություն նոր երգ և տեսահոլովակ ներկայացնելու:

Դեռևս նոր տեսահոլովակ չեմ պլանավորել,բայց շուտով նոր երգ կներկայացնեմ հանրությանը։ Հուսով եմ՝ կհավանեն։

Անահիտ կասե՞ք, թե ինչ ժանրի երգեր չեք երգի:

Չեմ սիրում ասել երբեք, սակայն կարծում եմ, որ չեմ երգի ռաբիզ երգեր, չնայած՝ երբեմն լսում եմ։

Անահիտ մի փոքր խոսենք Ձեր բլոգից: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը տիկտոկ և ինստագրամ: 

Բլոգեր դառնալու գաղափար նույնիսկ չեմ ունեցել։ Տիկ Տոկում ակտիվ տեսանյութեր սկսեցի տեղադրել այն ժամանակ, երբ ամուսնուս հետ մեկնել էինք Իտալիա՝ հարսանեկան ճամփորդության։ Տպավորություններս այնքան լավն էին, որ պարզապես ցանկացա կիսվել մարդկանց հետ։ Մի քանի վիդեոներից հետո այնպիսի լավ ու բարի խոսքեր տեղացին, մարդիկ այնպես դրական արձագանքեցին, որ ակամայից որոշեցի ավելի հետաքրքիր վիդեոներ նկարել։ Ու շատ հաճելի է, որ ունեմ հետևորդների այնպիսի բանակ, որն ինձ ամեն օր մոտիվացնում է իր ջերմ ու անկեղծ խոսքերով։

Ինչու՞ ցանկություն առաջացավ, ներկայացնել ուտեստների բաղադրատոմսեր:

Խոհանոցը միշտ սիրել եմ, ու իմ պատրաստած ուտեստները միշտ շատ դուր են գալիս բոլորին,դրա համար ցանկացա կիսվել բաղադրատոմսերով։ Ինձ շատ հաճելի է նաև պատրաստման ընթացքը նկարելը։ Ի դեպ, ես ինքս հետևում եմ շատ հայտնի foodblogger-ների և օգտվում իրենց բաղադրատոմսերից ու փորձում իմ տարբերակով ներկայացնել կանանց։

Որքանո՞վ է բլոգը Ձեզ համար ինքնաարտահայտման միջոց։

Բլոգինգը ինձ համար շատ լավ հնարավորություն է հայ հասարակությանը ներկայանալու որպես բժիշկ, որպես երգչուհի և երգահան,ինչու չէ նաև երիտասարդ ամուսնացած կին, որն ունի կենցաղային և աշխատանքային հոգսեր։ Հաճախ եմ խոսում այնպիսի խնդիրներից, որոնց բախվում ենք բոլորս։ Եվ միգուցե իմ փոքրիկ խորհուրդներով կարողանում եմ օգտակար լինել որևէ մեկին։

Ինչպիսի՞նն եք դուք, համանցանցից դուրս։

Ես այնպիսին եմ, ինչպիսին համացանցում։ Ոչինչ հատուկ չեմ անում, ուղղակի սիրով կիսվում եմ իմ առօրյայով, իմ մտքերով ու տրամադրությամբ։ Միշտ ստանում եմ նամակներ, որտեղ հետևորդներս նշում են, որ իրենց հենց իմ անկեղծությունն է դուր գալիս։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցվել են Անահիտ Ասրյանի անձնական արխիվից։