Հայաստանում ուսանողն այնքան գնահատված չէ, որքան Քուվեյթում. Նարե Վարդումյան


1

Հարցազրույց՝ արաբագիտության ֆակուլտետի ուսանող, արձակագիր և ուսուցչուհի Նարե Վարդումյանի հետ։

Նարե մի փոքր պատմեք Ձեր մասին ու թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք արաբագետի մասնագիտությունը:

Ես Նարեն եմ՝ արաբագիտության ֆակուլտետի ուսանող, արձակագիր, ուսուցչուհի։ Մասնագիտությունս ընտրել եմ արաբերեն սովորելու մեծ ցանկության շնորհիվ։ Ինձ դուր է գալիս այս լեզվի ամեն մի «շունչ»-ը. ինձ համար այն արվեստ է դարձել։

Ի՞նչ խնդիրներ է լուծում արաբագետը-ը:

Արաբագետը ոչ միայն պարզապես լեզվաբան է, այլև գիտնական, պատմաբան, կրոնագետ, դիվանագետ… նայած թե որ ճյուղն ես ընտրում։ Ես ընտրել եմ լեզուն, և կարող եմ համարել, որ մի կարևոր խնդիր եմ լուծում ես հայաստանաբնակ արաբներին սովորեցնում եմ իմ մայրենի լեզուն։

Ինչպե՞ս միտք եղավ սեփական բլոգ վարելու, իսկ հետագայում դասընթացներ կազմակերպելու:

Ես նաև SMM մասնագետ եմ, ու քանի որ տիրապետում եմ սոցցանցերի շատ գաղտնիքների, հասկացա, որ այս հարթակը հենց այն է, ինչն ինձ կտա մասնագիտական աշխատանք՝ առանց որևէ մեկից կախում ունենալու։

Քանի՞ տարեկանից է ճիշտ սովորել արաբերեն:

Ցանկացած տարիքից կարելի է սովորել ցանկացած լեզու։ Ուղղակի ամեն տարիքում այդ լեզուն սովորելու նպատակները տարբեր են։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց ովքեր ցանկանում են ընտրել այս մասնագիտությունը:

Խորհուրդ կտամ գոնե մոտավոր հասկանալ, թե ինչու եք ուզում արաբագետ դառնալ, որովհետև արաբագետը պետք է իմանա արաբերեն, իսկ դա բարդ լեզու է, եթե չլինի նպատակ, դժվար կլինի մոտիվացված մնալը։

Նարե արաբերեն գրված Ձեր պատմվածքը վերջերս հաղթեց Քուվեյթի ազգային գրադարանում անցկացված մրցույթում։ Մի փոքր պատմեք պատմվածքի մասին  և թե ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գրել:

Քուվեյթում փոքրիկ մրցույթ անցկացվեց ուսանողների միջև. նախապես ստացած գիտելիքների հիման վրա պետք է հանպատրաստից, (ըստ տրված նկարի) արաբերեն պատմվածք գրեինք։  Այսպիսով, գրեցի և հաղթեցի մրցույթում։

Ի՞նչ տվեց այդ մրցույթը Ձեզ:

Ես բազմաթիվ պատմվածքների հեղինակ եմ, այս մրցույթն ինձ տվեց մի հրաշալի զգացում՝ փաստորեն ես արաբերեն էլ կարող եմ գրել։

Նարե հիմա Քուվեյթում եք ի՞նչ ծրագրով եք մեկնել այտեղ:

Քուվեյթ եմ եկել համալսարանական ծրագրով՝ ԵՊՀ-ի ու Քուվեյթի համալսարանի համագործակցության շնորհիվ։

Դժվարություների հադիպե՞լ եք։

Իհարկե հանդիպել եմ ։Մշակութային շոկը անխուսափելի էր։ Սկզբից դժվար էր ընդունել, որ մեկ տարի ապրելու ես այլ իրականությունում։

Նարե կասե՞ք, թե ինչ տարբերություն կա Հայաստանի և Քուվեյթի կրթության միջև:

Ես գոհ եմ և՛ իմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, և՛ Քուվեյթի համալսարանի կրթության մակարդակից։ Հիմնական տարբերությունն այն է, որ, ցավոք, Հայաստանում ուսանողն այնքան գնահատված չէ, որքան այստեղ։

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դուր չի գալիս:

Ինձ այստեղ դուր են գալիս կյանքի պայմաններն ու հնարավորությունները. Քուվեյթը շատ հարուստ, զարգացած պետություն է։ Բայց ինձ դուր չի գալիս այն, որ այստեղ մարդիկ ռոբոտացած են ապրում, կհավատա՞ք՝ փողոցներում մայթեր գրեթե չկան. մարդիկ այստեղ չեն սիրում անգամ քայլել։

Ի՞նչ առաձնահատկություներ ունեն Քուվեյթի բնակիչները:

Քուվեյթցիները, առհասարակ արաբները շատ հյուրասեր են, օգնող։

Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան Քուվեյթում:

Առավոտյան՝ համալսարան, այնուհետև դասեր ուսանողներիս հետ, բլոգինգ, ժամանց հայ և այլազգի ընկերներիս հետ, նոր ու հետաքրքիր վայրեր, զբոսանք ծովափին։ Իսկ երեկոյան կարոտած զրույցներ ընտանիքիս ու Հայաստանի ընկերներիս հետ. հիմնականում այսպիսին է իմ առօրյան։

Նարե ինչպե՞ս կբնութագրեք Քուվեյթը:

Քուվեյթը կբնութագրեմ այսպես՝ քուվեյթցիների համար նա մի փոքրիկ, հանգիստ, ապահով պետություն է։ Իսկ ինձ համար նա հմուտ ուսուցիչ է , քիչ է խոսում, բայց այնքա՜ն շատ է տալիս, այնքա՜ն շատ է թրծել իմ անձը։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Նարե Վարդումյանի սոց ցանցերի էջերից