Քնապարկը և տարիքին համապատասխան հագուստը բարուրելու այլընտրանքն է. Արա Վ. Անթառանյան


2

Բժիշկ Անթառանյան, մեր մեծերը նախկինում կարծում էին, որ փոքրիկին բարուրելը պաշտպանում է տարբեր ինֆեկցիաներից, հիվանդություններից, նպաստում է ողնաշարի ճիշտ զարգացմանը, նա չի մրսում։ Ի՞նչ կասեք նման տարածված քայլերի մասին։

Նորածիններին բարուրելու սովորույթը շատ մշակույթներում էր տարածված։ Կարելի է երկար դատողություններ անել՝ ինչու էր այդպես, գուցե երեխային ավելի տաք պահելու, գուցե դաշտում աշխատանքի ժամանակ վերահսկելի պայմաններ ապահովելու, կամ էլ գուցե վտանգի ժամանակ արագ տեղափոխման համար։ 

Իրականությունն այն է, որ նորածինների համար ֆիզիոլոգիական դիրք է կոնքերում ծալված և փոքր-ինչ զատված դիրքը, որն օգնում է կոնքազդրային հոդերի ճիշտ զարգացմանը։ Այլ կերպ ասած՝ կոնքազդրային հոդերի զարգացմանը խանգարող ավելի մեծ վտանգ, քան բարուրելը, դեռևս հայտնի չէ։ Ջերմակարգավորման առումով․ մենք, երբ  նույնիսկ մի քիչ մրսում ենք, ապա սկսում ենք շարժվել, որ տաքանանք, բարուրած երեխան զրկված է դրանից, փոքրիկի համար զարգացման միակ ճանապարհն այդ տարիքում շարժումն է, այն օգնում է թե՛ մկանների աշխատանքին, թե՛ կոորդինացիայի զարգացմանը։

Հայաստանի շատ ծննդատներում երեխային բարուրում են։ Ըստ Ձեզ ինչու՞ է այս երևույթը դեռ մինչև հիմա պահպանվում մեր երկրում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի։ 

Ճիշտն ասած, հույսով եմ «շատ ծննդատներում» արտահայտությունը մի փոքր չափազանցված է։ Բարուրել ասելով հասկանում ենք ձիգ բարուրումը։ Եթե երեխան փաթաթված է, սակայն զրկված չէ ոտքերը ծալելու և զատելու հնարավորությունից, ապա այդտեղ վտանգները մինիմալ են, դրան այլ կերպ անվանենք լայն բարուրում, երբ երեխան ասես քնապարկի մեջ է և ազատ է շարժվելու։

Բարուրելու փոխարեն ի՞նչ ուրիշ տարբերակ կառաջարկեք։  

Քնապարկ և տարիքին համապատասխան հագուստ։

Բժիշկ, ինչու՞  պետք է փոքրիկի ոտքերը ազատ լինեն։ 

1․ Կոնքազդրային հոդերի ճիշտ զարգացման համար

2․ Ջերմակարգավորման համար

3․ Շարժվելով զարգանալու հնարավորությունն առավել արդյունավետ դարձնելու համար

Բարուրելը հետագայում ի՞նչ խնդիրների առաջ է կագնեցում  և  ինչո՞վ կարող է վտանգավոր լինել նորածին երեխային բարուրելը։ 

Առավել մեծ վտանգը, ինչպես արդեն ասացի կոնքազդրային հոդերի բնածին դիսպլազիայի (բնածին հոդախախտի) զարգացման նպաստավոր պայմաններ են։

Ճի՞շտ է արդյոք, որ բարուրելու դեպքում առաջանում է հիպոթերմիա։ 

Օրթոպեդին այդ հարցին պատասխանելը մի քիչ դժվար է, սակայն ընդհանուր առմամբ, ինչպես վերևում նշեցի, մրսելու դեպքում շարժվելու սահմանափակումը կարող է նպաստել երեխայի սառելուն, բայց նաև ես շատ լավ հիշում եմ ժամակները, երբ գրեթե բոլոր երեխաներին բարուրում էին, և նրանց բոլորի շապիկները կապերը քանդելուց միշտ թաց էին․․․

Ի՞նչ հիպոթերմիան։ Մի փոքր ներկայացրեք։ 

Հիպոթերմիա ասելով հասկանում ենք մարմնի ցածր ջերմաստիճանը։ Այս թեմայով առավել հանգամանալից կարող եք զրուցել իմ մանկաբույժ կոլեգաների հետ։

Բժիշկ ինչ խորհուրդ կտաք մայրիկներին, ինչպես ապահովել փոքրիկի ճիշտ զարգացումը առաջին մի քանի ամիսներին:

Օրթոպեդիկ առումով՝ չբարուրել, քանի որ ոտքերի զատած դիրքն առավել շահեկան է երեխայի համար, շատ խաղալ փոքրիկի հետ՝ զգուշությամբ վարժություններ անելով, օրինակ՝ վերին վերջույթներն ու ստորին վերջույթները ծալել, տարածել, զատել և այլն․․․

Հարցազրուցավար` Մարիամ Ավետիսյան
Նկարները վերցված են Արա Վ. Անթառանյան-ի անձնական արխիվից