Աշակերտներին գտնում էի դրսի պատերին հայտարարություններ փակցնելով. Հասմիկ Օհանյան


7

Հարցազրույց` ԵՊԲՀ ուսանող,կրկնուսույց Հասմիկ Օհանյանի հետ։

Եթե դեմ չեք,մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին․ քանի՞ տարեկան եք, որտե՞ղ եք ապրում, ծնունդով ո՞րտեղից եք։

Ես Հասմիկն եմ, բժշկականի 3րդ կուրսի ուսանող, համատեղությամբ նաև կենսաբանության ու քիմիայի կրկնուսույց, 20 տարեկան եմ, ծնունդով Լոռեցի եմ, Սպիտակ քաղաքից: 

Հասմիկ, ինչու՞ ընտրեցիք հենց բժշկի մասնագիտությունը։ Արդյոք Ձեր որոշման վրա ինչ-որ իրադարձություն ունեցել է իր ազդեցությունը թե՞ ոչ։

Ընդհանուր առմամբ կոնկրետ իրադարձություն ազդեցություն չի ունեցել, զուտ սիրել եմ կենսաբանությունն ու քիմիան ու այդ ուղղությամբ ընդունվել եմ ավագ դպրոց բժշկական հոսք, հետագայում արդեն պրակտիկաների ժամանակ այդ ամեն ինչին ծանոթանալուց ու մասնագիտության ինտրիգը տեսնելուց ու զգալուց հետո արդեն հստակ հասկացա, որ ուզում եմ լինել այս ոլորտում: Ի դեպ  չեմ կարծում, որ իմ ուղեղը այլ ինչ որ մասնագիտություն կընդուներ ու կյուրացներ։ Մեր մեջ ասած բնագիտական ուղեղ է լրիվ։

Ըստ Ձեր էջի տեղեկությունների, դուք այժմ կրկնուսույց եք։ Կպատմեք, ինչպե՞ս սկսեցիք աշխատել որպես կրկնուսույց, և արդյոք դժվար էր առաջին քայլերը։

Երբ որ պիտի սկսեի արդեն ընդունելության համար պարապելը գումար էր պետք, դրա համար որոշեցի աշխատել այդ ոլորտում սկզբում որպես տարրական դպրոցի առարկաների կրկնուսույց, հետո երբ որ զգացի գիտելիքներս հերիքում են սկսեցի աշխատել միջին դպրոցի հետ։ Ընդհանուր առմամբ դժվարություն չի եղել աշխատանքի հետ կապված, միակ դժվարությունը աշակերտներ գտնելն էր, դա էլ կազմակերպոււմ էի դրսի պատերին հայտարարություններ փակցնելով, ու աչք էին ծակում այդ հայտարարությունները մատչելի գներով: Հիմա արդեն ուսանող եմ, ու աշխատում եմ միայն ԲՈՒՀ-ի ու քոլեջների դիմորդների հետ:

Ի՞նչ կասեք այն մասին, որ բժշկական համալսարանում սովորելը թույլ չի տալիս ունենալ կյանք համալսարանից դուրս:

Իրոք դա միֆ է, չկա նման բան։ Շատ տարածված կարծրատիպ է մեր մասին, բայց իրականում դա այդպես չէ։ Եթե մարդն իրոք չունի ժամանակի կառավարման խնդիր ու իրոք գիտի ոնց ճիշտ ու գրագետ սովորել՝ առանց ավելորդ ժամանակ վատնելու միշտ էլ կլինի ժամանակ համալսարանից դուրս ապրելու համար։ Ավելի շատ կախված է մարդու կազմակերպված լինելուց ոչ թե որ մասնագիտությունն է սովորում:

Կարողանու՞մ եք համատեղել կրկնուսույցի աշխատանքը և ուսումը։

Արդեն 3 տարի է համատեղում եմ։ Կարծում եմ  ավելի համատեղելի աշխատանք չի լինում։

Ձեր կարծիքով, ո՞ր հատկանիշներն են կարևոր հաջողակ բժշկական ուսանողի և ապագա բժշկի համար:

Ուսանողի համար կազմակերպվածությունը, սերը ինքն իր հանդեպ ու իհարկե աշխատասիրությունը։ Բժշկի համար էլ կոմպետենտ լինելը, բարեհամբույր լինելն ու կրկին աշխատասիրությունը։

Եղե՞լ են դժվարություններ համալսարանում սովորելու ընթացքում, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

Այո, 2րդ կուրսի 2րդ կիսամյակում իսկապես շատ հոգնած էի, այնքան հոգնած էի, որ այլևս ուժ չունեի սովորելու, անգամ չէի կարողանում առաջին ժամին արթնանալ գնալ դասի։ Որոշել էի մասնագիտությունս փոխել ու դուրս գալ համալսարանից, բայց ընկերներիս ու հարազատներիս խորհրդով մնացի մտածելով, որ ուղղակի հոգնածություն է ու հոգեպես սպառվել եմ։ Ընթացքում տուռերի գնալով, ընկերների հետ ժամանակ անցկացնելով, հանգստանալով ու դասերի մասին չմտածելով հոգեկանս հանգստացավ ու ավելի լավ եկա 3րդ կուրս։

Բժշկության ո՞ր ոլորտներով եք հատկապես հետաքրքրված և ինչու՞:

Հիմնականում ընդհանուր դիագնոստիկան շատ է հետաքրքրում, որովհետև գլուխկոտրուկներն այնտեղ շատ են։ Տարբեր ախտանիշերի վրա հիմնվելով տալիս ես դիագնոզ ու թեստերով պարզում դիագնոզի ճիշտ լինելն ու նշանակում համապատասխան բուժում։ Նաև գինեկոլոգիան է հետարքիր, ավելի շատ սոցիալական առումով, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում սեռակրթության վիճակը շատ վատ է ու աղջիկները խնդիր ունենալով ամաչում են գինեկոլոգի դիմել։ Զուտ կուզենայի լինել գինեկոլոգ ում չեն կաշկանդվի դիմել։

Որո՞նք են Ձեր կարիերայի երկարաժամկետ նպատակները բժշկության ոլորտում:

Ամենաերկարը, դեռևս ավարտել համալսարանը բոլոր-բոլոր մակարդակներով հանդերձ ու վերջապես ունենալ կաբինետ, որի դռան վրա գրված կլինի Բժիշկ Հ.Ս. Օհանյան

Մի փոքր խոսենք Ձեր բլոգի մասին։ Այն ի սկզբանե ունեցել է «Թղթի Վրա» անվանումը, ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք ունենալ Ձեր անձնական բլոգը, և ինչու՞ երկար ժամանակ անց փոխեցիք էջի կոնտենտը և անվանումը։

Սկզբում մտադրություն չունեի ընդհանրապես բլոգ ունենալ ու այն վարել։ Ուղղակի իմ համար ծանր շրջան էր 2020 թվականը (այդ թվականին է էջը բացվել)։ Ու մի հարթակ պետք էր արտահայտվելու համար։ Սկսեցի խոսել, խոսել, խոսել… Հետո սկսեցի նաև էջի դիզայնի վրա աշխատել։ Սիրվեց էջն իր ֆորմատով ու կոնտենտով։
Պահ եկավ որ արդեն ես էլ այն մակարդակում չէի որտեղ իմ էջի փոստերն էին ու պետք էր կամ էջը փակել կամ էջի կոնտենտի մակարդակը հասցնել իմ գիտակցական մակարդակին, քանի որ 2 տարվա մեջ իրոք բավականին բան էր փոխվել իմ մեջ։ Նաև սկսել էի սիրել բլոգը դրա համար նախընտրեցի դարձնել այն անձնական բլոգ քան փակել։

Ի՞նչ կասեք ավելորդ քաշի և դիետաների մասին։

    Ոչ ոք պարտավոր չէ խցկվել ստանդարտների մեջ որոնք թելադրվում են հասարակության կողմից։ Եթե քեզ քո փորիկը ու թշիկները դուր են գալիս եղիր այդպիսին։ Բայց կա կարևոր մի բայց, եղիր այդպիսին եթե այդպիսին լինելը չի վնասում առողջությանդ, ճարպակալումն ինքն արդեն ախտաբանական պրոցես է ու դրանից պետք է ազատվել։
    Դեմ եմ ցանկացած դիետայի, կապ չունի ինչ է։ Դիետաներով, սահմանափակումներով չեն նիհարում։ Պետք է նախ ձևավորել առողջ սննդային վարք, որը պետք է համատեղել սպորտի հետ ու օրգանիզմն ինքնուրույն կակտիվացնի էներգետիկ պրոցեսսներն ու կնիհարեք։

    Կա՞ որևէ այլ բան, որով կցանկանայիք կիսվել Ձեր անձնական կամ պրոֆեսիոնալ ձգտումների մասին։

    Ուղղակի ուզում եմ ասել որ համալսարանը, կրթություն ստանալը, անգամ կողակցի առկայությունը կյանքում ոչ մի բան չեն փոխի եթե մենք չաշխատենք մեր հոգեկան առողջության վրա։ Ցանկացած բան սկսվում է այդտեղից։ Ես անձամբ ձգտում եմ ինչքան հնարավոր է կարգավորվեմ ու կայանամ առաջին հերթին հոգեպես, մնացածն արդեն կստացվի։

    Հարցազրուցավար՝ Սաթենիկ Մելոյան
    Նկարները վերցված են Հասմիկ Օհանյանի ինստագրամից oh.hasie