Արամ, ամեն ինչ կարամ…


6

Ինչպես արդեն հայտնի է երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի Առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրել էր դիզայներ Արամ Նիկոլյանը։ Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ադրբեջանի դրոշն այրած Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես թասիբով հայի արարք է։ Նա տեսաուղերձ է հղել ոստիկանական ստորաբաժանումից ազատ արձակվելուց հետո։

Միջադեպին արձագանքել է ԿԳՄՍ-ի նախարարությունը 

«ՀՀ-ն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ»։

Դեպքը մեկնաբանել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Արայիկ Հարությունյանը։

«Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը»

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը
պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի
հետ զրույցում  ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-շեշտել է փոխնախարարը:

Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:

«Այո, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- նկատել է նա: