Վախենում եմ ժողովրդի տված Կոմիտասի կոչումից. Արսեն Զաքարյան


15

Հարցազրույց՝ «Ազգային երգիչ» 2-ի մասնակից Արսեն Զաքարյանի հետ:

Արսեն, ինչպե՞ս մուտք գործեցիք երգարվեստ։  

Երգել փոքրուց շատ եմ սիրել սակայն երգարվեստ մտնելու փորձերը արել եմ ինքնուրույն երբ արդեն 14 տարեկան էի, որոշեցի որ պիտի գնամ երաժշտական դպրոց, ծնողներս արդեն ՌԴ-ում էին և ես պապիկիս խնդրում եմ և իր ուղեկցությամբ գնում երաժշտական դպրոց, ինձ ընդունում են Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից ստուդիայի ակադեմիական վոկալ բաժին, 2 տարի սովորելուց հետո կրկին ինքնուրույն որոշում եմ և դիմում Հայաստանի երգի պետական թատրոն, ընդունելության ժամանակ երգում եմ Կոմիտասի «Հով արեք» երգը և Արթուր Գրիգորյանը միանգամից ինձ ընդունում է երգի թատրոն, այդ ընթացքում բազում հաջողություններ գրանցելուց հետո, եկավ ժամանակ երբ ցանկանում էի շեղվել երգարվեստից, քանի որ նաև զուգահեռ սովորում էի Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում «հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում, 3 ամիս էր մնացել ինչ պիտի ընդունվեի տնտեսագիտական համալսարան և ես կտրուկ որոշում եմ կայացնում ընդունվել Կոնսերվատորիա։

Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք «Ազգային Երգիչ» նախագծին։  

Դոնի-Ռոստովի Կոնսերվատորիան ավարտեցի և ցանկություն կար հանգստանալու ծանր քննական շրջանից հետո, որոշեցի մեկնել հայրենիք որպեսզի հանգստանամ և հասկանամ ոնց պիտի շարունակեմ իմ երաժշտական ճանապարհը, քանի որ արդեն ստացել էի ուսում և դիպլոմավորվել  որպես երաժիշտ սակայն այս ասպարեզում կարևոր է ունենալ հայտնիություն և բացի երաժշտական գիտելիքներ ձեռք բերելը պիտի դառնալ, լինել և կայանալ որպես արտիստ: Հայաստան գալու 2-րդ օրը Պատահական տեսնում եմ գովազդը «Ազգային երգիչ» 2-ի և առանց վարանելու հայտ եմ լրացնում, իմանալով որ նման նախագծերը իրական ռեսուրսներով են օժտված և տալիս են կայուն միջավայր որտեղ կարող ես ձևավորվել, կայանալ և հայտնիություն ձեռք բերել:

Ի՞նչ տվեց Ձեզ նախագծին մասնակցությունը։                                     

Նախագիծը ինձ տվեց մեծ փորձ հեռուստատեսային աշխարհում, արտիստիկ մտածողությունս ավելի զարգացրեց, հայտնիություն ձեռք բերեցի, շատ լավ ընկերներ ձեռք բերեցի և անձնապես ծանոթացա «Շանթ» հեռուստաընկերության աշխատակազմի հետ, հիմնականում «Ազգային երգիչ» նախագծի անձնակազմի հետ ինչի համար շատ երջանիկ եմ ինձ զգում։ Արդյունքում նաև «Ազգային երգիչ»-ը ինձ պահեց հայաստանում ինչի համար ես շատ ուրախ եմ։

Արսեն պատկերացնո՞ւմ էիք, որ կարող եք չհաղթել։            

Այո, սա մրցույթ է և ամեն ինչ հնարավոր է, միշտ լարված էր պահում այն փաստը, որ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում էին որոշվում, թե ով կմնա նախագծում ինչի արդյունքում չէինք կարող հասկանալ արդյոք ով կմնա նախագծում, ամեն գալա համերգից առաջ մտածել եմ ,որ միգուցե այս անգամ ես եմ դուրս մնալու նախագծից: Ճիշտն ասած նախագծի սկզբից ասել եմ, որ ես նախ ինքս ինձ կցանկանամ հաղթել և կարող եմ ասել, որ այո ես իմ «երեկվանից» ավելի կատարելագործված եմ, ես հաղթահարել եմ և կոտրել եմ մի մեծ կոմպլեքսների անջրպետ, կարծում եմ, որ ես «հաղթել եմ», քանի որ Ինձ համար այս նախագծում հայ ժողովրդի կողմից, քվեարկությունների արդյունքում, մինչև ֆինալ հասնելը մեծ հաղթանակ էր, ես հասկացա, որ ունենք մեծ բանակ ովքեր արժևորում են հայ էթնիկ երաժշտությունը նաև իմ մատուցմամբ:

Հեռուստադիտողը Ձեզ միշտ համարում է մեր օրերի Կոմիտաս։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։                                

Վախենում եմ այդ կոչումից, քանի որ դա շատ պատասխանատու կոչում է։ Սակայն այն ինձ դուր է գալիս և ես անպայման կմնամ արժանի այդ կոչմանը:

Շատ հաճախ եք ներկայացրել Կոմիտասի երգերից։ Ինչո՞վ է պայմանավորված հենց Կոմիտասի գործերի Ձեր ընտրությունը։

Նախ պրոդյուսեարկան կազմը իմ մեջ տեսավ այդ ձուլվածքը՝ Կոմիտասյան մելիզմներն ու հայկականությունը և ինձ ներկայացրեցին այդ կերպարով, որը ինձ շատ մոտ է, սակայն ես մինչ նախագիծը նույնպես սիրել եմ և կատարել եմ Կոմիտասի մշակումները, քանի որ Կոմիտասյան մշակումները և ոգին շատ լավ են ազդում ձայնի ձևավորման վրա և իհարկե իրենցով ներկայացնում և փոխանցում են մեծ հայկականություն։

Արսեն, նախագծի մասնակիցների հետ մինչև օրս մտերի՞մ եք։ 

Նախագծի մասնակիցների հետ մինչ օրս մտերիմ եմ և կարծում եմ մեր մտերմությունը երկար կտևի:

Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք, որ ունեցել եք նրանց հետ։

Հետաքրքիր դեպքերը շատ են եղել, խենթությունները անպակաս են մեզնից, վերջերս մեր workshop-ի մասնակիցների հետ ունեցած նամակագրությունում, կեսգիշերին կատակ արեցի և ասացի, որ մեր Հակոբի ծնունդն է իհարկե Հակոբի ծնունդը չէր ասացի որ ձայնային նամակներով շնորհավորեն Հակոբին, սա մի դրվագ է մեր խենթություններից, ովքեր ցանկանում են միշտ տեղեկացված լինեն մեր առօրյայից, հետագա պլաններից և արկածներից  թող հետևեն մեզ սոց ցանցերով։

Կա՞ մտադրություն շաուրնակելու երգարվեստը։         

Ճիշտն ասած ինձ մի քիչ նեղացնում է երբ ինձ այդ հարցն են տալիս, ես չեմ կարծում, որ իմ կյանքում ինչ որ անկումային երևույթ է տեղի ունեցել, որի համար պիտի թողնեմ երգարվեստը, ընդհակառակը ես ձեռք եմ բերել ավելի մեծ ճանաչում, ձեռք եմ բերել հեռուստատեսային աշխարհում փորձ և նման մասնագետների հետ աշխատելուց հետո էլ ավելի է մեծացել ցանկությունս լինելու և էլ ավելի կայունանալու երգարվեստում։

Ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր ցանկանում են երգարվեստով զբաղվել։

Երգարվեստը շատ մեծ ու խորը աշխարհ է, սակայն անկախ նրանից թե որ երաժշտական գծով կգնաք, պետք է զուգահեռ զարգացնել արտիստիզմը հաջողության հասնելու համար, եթե երգիչ եք պիտի զարգանաք նաև որպես երաժիշտ, ծանոթանալով տարբեր ժանրերի հետ, տարբեր երաժշտական գործիքների և նոտաների աշխարհի հետ, դրանք շատ կարևոր են։ Յուրաքանչյուր հարված ընդունեք որպես փորձ և փորձեք էլ ավելի կատարելագործվել և լինել ձեր երեկվանից էլ ավելի լավը, այդ դեպքում կհասնեք հաջողության։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Արսեն Զաքարյանի սոց ցանցերից