«Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են». Տաթևիկ Մատինյան


0

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար: Դասընթացի նպատակը Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումն էր, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը։ Դաընթացի մեկնարկին արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, ընթացքում խոսեց նաև կենտրոնի ծավալած աշխատանքի և առաջարկվող ծառայությունների մասին։ Վերջինիս խոսքերով AMCA-ն ստեղծվել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ․


«Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-նշեց կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը։

Հանդիպման ընթացքում պահպանելով գաղտնիության սկզբունքը լրագրողներին ներկայացվեց բազում օրինակներ, որոնք լուծվել են հենց կենտրոնի միջոցով, Տաթևիկ Մատինյան նշեց, որ իրենց կենտրոնում վեճերը լուծվում են արագացված ընթացակարգով․

«Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,-ասաց նա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը հաջողվում է, եթե  պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը: Բացի դա նման  կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը նպաստում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: 

Անդրադառնալով արբիտրաժի ու հաշտարարություն գործընթացի գաղտնիության պահպանմանը, Տաթևիկ Մատինյանի նշեց, որ շատ հաճախ վեճերի այլընտրանքային տարբերակով լուծումները գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, քանի որ վերջիններս չեն ցանկանում հանրայնացնել իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ: Տնօրենը նշեց որ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի որևէ տեղեկատվության արտահոսք տեղի չունենա․

«Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,-նշեց Տաթևիկ Մատինյանը հավելելով, որ  լրագրողները կարող են առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու իրազեկել հանրությանը թե՛ արբիտրաժի, թե՛ հաշտարարության առավելությունների մասին, ինչպես նաև խոսել վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին:

Հատկանշական է, որ չկան այնպիսի ոլորտներ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, սակայն վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները այնուամենայնիվ կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:

Հանդիպման երկրորդ մասում AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Այնուհետև AMCA-ի արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչ-գործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց հաշտարարության և արբիտրաժային ոլորտում լրագրողներ ներգրավման կարևորության մասին, ներկայացրեց ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվելու կարևորությունը։

Դասընթացի ավարտին լրագրողները հաշտարարության դերն ավելի պատկերավոր ընկալելու համար՝ իրենց ստացած գիտելիքները կիրառեցին տեղում իրականացվող «դատախաղի» ժամանակ՝ մասնակից լինելով ողջ գործընթացին։

Նյութի Հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան