Արա այն, ինչ կախված է քեզանից և թող արգասիքի մասին խոսի ժողովուրդը. Դավիթ Կարապետյան


6

Պարոն Կարապետյան, խոսենք վերջին օրերին տեղի ունեցող դեպքերից: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի դրոշ այրելը և ադրբեջանցուն ծեծելն ու ողջ համացանցում տարածելը:

Անդրբեջանցի գերու մասով Ձեր հիշատակած դեպքից մի քանի օր անց, իմ ֆեյսբուքյան էջում ծավալուն հոդվածով եմ հանդես եկել՝ մատնանշելով ու հիմնավորելով նման արարքի բացասական հետևանքների ու հնարավոր ռիսկերի մասին: Դաժան ծեծի ու նվաստացման տարրեր պարունակող կադրերի համացանցում տարածմանը խիստ բացասաբար եմ վերաբերվում:

Իսկ ինչ վերաբերվում է դրոշն այրելուն, ապա կարծում եմ՝ հայրենասիրության, հերոսության ու սկզբունքայնության դրսևորման ավելի օգտակար վայրեր, տարբերակներ ու ձևեր կան, որոնք իրոք կարժանանան համայն հայության խրախուսանքին ու համակրանքին: Համենայն դեպս, այս քայլը չեմ որակում՝ որպես հերոսություն: 

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

Անտարբերությունը, համատարած տոտալ ապատիան ու տիրող իրավիճակի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը: Այնուհետև՝ «ամենագետությունը», քանզի բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորը մասնագետ են, ունեն հայրենիքը փրկելու, երկիրը ճահճից հանելու, արհավիրքներից ձերբազատելու իրենց հստակ տեսլականը… Եվ հետո՝ անկեղծության ու սթափ վերլուծելու բացակայությունը:

Պարոն Կարապետյան ինչո՞ւ  են մեր նահատակված հերոս տղաները համացանցում դառնում «լայքահավաքի զոհ»: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում հասարակության այս քայլերին:

Շատ բան կորցրել է իր արժեքն ու բարոյական նշանակությունը, նպատակին ծառայելու ու ծառայեցնելու միտումն ու կարևորությունը: Այն, ինչ մենք հաճախակի տեսնում ենք համացանցում՝ դա փնթի վարքագծի դրսևորում է: Մանավանդ, երբ սոցիալական էջերը ծառայեցվում և հետո հեղեղվում են նահատակված հերոս զինվորների նկարներին կից՝ անպատեհ, անգրագետ տեքստերի ու բառամթերքի անտեղի ու անհարկի կիրառմամբ:
Նման դեպքերում արժեզրկվում է ամեն ինչ…

44-օրյա պատերազմն ինչպե՞ս անդրադարձավ Ձեզ վրա։

Շատ ծանր…
Դառը հիշողություններն ու ապրումներն առ այսօր ուղեկցում և կարծում եմ կուղեկցեն ինձ ողջ կյանքիս ընթացքում: Պատերազմի նման վերջնարդյունքը յուրաքանչյուր գիտակից հայի կյանքի ջրբաժանն է…

Որքանո՞վ էր բարդ պատերազմից հետո վերակագնվել:

Դեռ հարց է, թե արդյո՞ք վերականգնվել ենք…
Բարդ է համակերպվել նման դառը իրականության, հետևանքների, հայրենիքի զգալի հատվածի ու մարդկային կորուստների հետ: Սակայն պետք է վերականգնվենք՝ վերականգնելու համար…

Որպես քաղաքական գործիչ, որը կլիներ Ձեր կարգախոսը։

Արա այն, ինչ կախված է քեզանից և թող արգասիքի մասին խոսի ժողովուրդը…

Պարոն Կարապետյան ես տեղյակ եմ, որ արմատներով Գյումրեցի եք: Ապրելով Գյումրիում, հետո տեխափոխվելով մայրաքաղաք՝ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում: 

Այո, ես բնիկ գյումրեցի եմ: Հայտնի և հեղինակավոր տոհմի զարմ եմ: Ինձ համար պատիվ է գյումրեցի լինելը: Ես տեղափոխվել եմ Երևան՝ նախընտրած ԲՈւՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու համար: Ուսանողական տարիներից հետո, աշխատանքի բերումով մնացի Երևանում: Կապերս պահում եմ Գյումրու հետ, գնալ-գալը միշտ կա: Այնտեղ են բնակվում իմ ծնողները, բարեկամներս, մանկությանս ընկերները:

Գյումրին օրեցօր ծաղկում և զարգանում է, որի համար ես շատ ուրախ եմ: Քաղաքը վերականգնում է իր երբեմնի հմայքն ու համբավը, իր հայտնի կոլորիտը: Ի վերջո Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, հայրաքաղաքն է: Երևան քաղաքի և մարզկենտրոնների միջև ահռելի տարբերություն կա:

Ըստ Ձեզ ի՞նչ տարբերություն կա մայրաքաղաքի ու մարզկենտրոնների միջև:

Ընդհանուր զարգացվածության, ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական խիստ անհամաչափություն է: Գրեթե ամեն ինչ կենտրոնացած է Երևանում: Երևանը վերածվել է քաղաք-պետության: Մարզկենտրոններից Գյումրին է, որ համեմատաբար լավ վիճակում է: Այստեղ, ի տարբերություն այլ քաղաքաների նկատվում է ներդրումների և տնտեսական աճ: Բացի այդ քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին, որոնց թվաքանակը օրեցօր ավելանում է: Ցավոք, նույն բանը չենք կարող արձանագրել մյուս մարզերում:

Ի՞նչ խնդիրներ ունեն մեր մարզերը և ինչպե՞ս պետք է լուծել դրանք:

Բազում խնդիրներ կան մարզերում: Յուրաքանչյուր մարզն ունի իր առանձնահատուկ խնդիրները: Օրինակ՝ Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներ առ այսօր չունեն մշտական ոռոգման ջուր: Գրեթե բոլոր համայնքներում առկա է միջհամայնքային ճանապարհների անմխիթար ու խայտառակ վիճակը: Պետական ծրագրերի ներդրման, պետական աջակցության, մասնավոր ներդրողների ջանքերի շնորհիվ միայն կարող ենք փոխել այս իրավիճակը:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայրենակիցներին։

Շարունակել ապրել Հայաստանում, շենացնել հայրենիքը, միաբանվել, սատար կանգնել հայ զինվորին ու սպային: Յյուրաքանչուր քաղաքացու ցանկացած գործողություն միտված լինի՝ ի բարօրություն մեր երկրի: Չտրվեն էմոցիաներին, չենթարկվեն մանիպուլյացիաների, չապրեն սին պատրանքներով: 

Պարոն Կարապետյան երբ ուսումնասիրում էի Ձեր կյանքը նկատեցի, որ դուք շատ ժամանակ եք անցակացնում Ձեր ընտանիքի հետ: Ինչպիսի՞նն եք դուք, երբ արդեն տանն եք:

Այո, այդպես է: Ես ընտանիքի մարդ եմ: Իհարկե ցավոք, երկրում ու սահմաններում տիրող իրավիճակից ելնելով՝ նույնիսկ ընտանեկան միջավայրում չեմ կարող լիաթոք ուրախանալ, թոթափվել, կտրվել դառը իրականությունից, բայց այնուամենայնիվ, փորձում եմ խնդիրները չբերել հետս տուն… Փորձում եմ ժամանակ գտնել ու տրամադրել երեխաներին: Միասին հիմնականում ինտելեկտուալ ու զարգացնող խաղեր ենք խաղում, նրանց հետ փորձում ենք օգնել մայրիկին տան կենցաղային հարցերում:

Ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր երեխաներին:

Ճանաչել ու սիրել սեփական հայրենիքը, իրենց շրջապատող աշխարհը, մարդկանց: Լինել արդար ու բարի, կամեցող ու գնահատող, շրջահայաց ու հեռատես: Որ լավ սովորեն, ազգին ու պետությանը պիտանի մարդ լինեն:

Քաղաքականությունից այն կողմ ինչպիսի՞նն է Դավիթ Կարապետյանը։

Դժվար է գնահատական տալ սեփական անձին, առավել ևս թվարկել մարդկային որակները: Ես պունկտուալ ու կարգապահ, բազմազբաղ մարդ եմ: Սիրում եմ ամեն ինչ ճիշտ ժամանակին: Լավատես եմ, ունեմ հումորի զգացողություն: Մերթ ընդ մերթ կարելի է ինձ տեսնել ուրախ ու կենսախինդ: Կարծում եմ ընկերներս ու կոլեգաներս կփաստեն, որ ընկերասեր եմ, նվիրված,  բարի ու կամեցող: Փորձում եմ օգտակար լինել բոլորին՝ ինչով որ կարող եմ: Սիրում եմ շրջագայել հայրենիքի տարբեր բնակավայրերով, կազմակերպել հայրենագիտական ճանապարհորդություններ ու արշավներ:

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Ավարտին հասցնել հայրենիքումս կառուցվող սեփական տունը, այգում ծառեր տնկել, որդի ունենալ: Միաժամանակ, Աստծո կամոք՝ սատար կանգնել հայրենիքիս ու ժողովրդիս:
Ամեն ինչ դեռ առջևում է: Այպնես որ, ի գործ։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան