Շատ ադեկվատ եմ ընկալում ցանկացած բան, որ վերաբերում է իմ անձին. Լարա Առաքելյան


0

Լարա, ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը լրագրության աշխարհ և կրթություն ունե՞ք։

Նոր էի գրել սովորել, երբ նկարներիցս մեկի հետևի մասում գրել էի. «Լարա Առաքելյան-լրագրող»: Հետաքրքրասեր էի և սիրում էի, մարդկանց հարցեր տալով, նոր բաներ սովորել: Հաղորդումների սցենարներ էի գրում, հայելու առաջ նստած երևակայում, որ լրատվական թողարկում եմ վարում: Երբ եկավ համալսարան ընդունվելու ժամանակը, առանց վարանելու դիմեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Սկսեցի աշխատել հենց առաջին կուրսից:

Ի՞նչ բարդությունների եք հանդիպել հեռուստատեսությունում:

Հեռուստատեսությունը տիեզերքի պես անսահման է: Խլում է ժամանակիդ ու էմոցիաներիդ առյուծի բաժինը, բայց մի վայրկյանում էլ կարող է լցնել քեզ նոր մտքերով, աշխարհը նորից բացահայտելու ցանկությամբ: Դժվարություններ ամեն օր են լինում: երբեմն թվում է՝ էլ ի վիճակի չես անգամ ոտքերիդ վրա կանգնած մնալ, բայց, երբ սիրում ես այս գործը, քեզանից անկախ հաղթահարում ես բոլոր խոչընդոտները: Ինձ համար այս օրերին, ի թիվս այլ բաների, դիմանալ ու եթերում չհայհոյելն է ամենաբարդը: Մարդկանց լուրեր ու միայն լուրեր հայտնելը՝ չարագուշակ, նվաստացնող, ներսդ քանդող լուրեր: Իսկ թունելի վերջում լույս չի երևում, բայց քո գործի անունը նաև հույս տալն է…

Դուք արդեն հասցրել եք հայտնվել քննարկումների կենտրոնում: Շատերը Ձեզ և Ձեր աշխատանքը կապում են ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս քննարկումները:

Մի լավ պատմություն կա: Լինում են, չեն լինում մի մարդ ու կին են լինում: Էս մարդն ու կինը մի էշ են ունենում: Երկուսով նստում են էշին, մարդիկ ասում են. – «գծուծներ, երկուսով մի էշ են նստել»: Կինն իջնում է էշից, մարդն է նստում, հիմա էլ ասում են. – «Փալաս, վեր է ընկել, իսկ կինը ոտքով է գնում»: Փոխվում են տեղերով, կինն է էշին նստում, մարդիկ ասում են. «Տես է՜, կրունկի տակ է պահում մարդուն»: Էս մարդն ու կինը ճարահատյալ երկուսով իջնում են էշից, կողքով քայլում, մարդիկ ասում են. «Հիմարներ, էշ ունեն, չեն նստում»: Ասածս ինչ է, մարդիկ միշտ մի բան ասում են: Կարևորը՝ չդավաճանես արժեքներիդ, կարևորը՝ չստես ու չկեղծես: Ես այն եմ, ինչ եմ: Ուրախ եմ, որ աշխատում եմ անկախ լրատվամիջոցում: Իմ եթերներին հետևող ցանկացած մեկի հետ պատրաստ եմ կառուցողական քննարկման, բայց օդում կրակված խոսքեր չեմ սիրում:

Ինչպե՞ս են նման խոսակցություններն անդրադառնում Ձեզ վրա

Շատ ադեկվատ եմ ընկալում ցանկացած բան, որ վերաբերում է իմ անձին: Այս երկրում այնքան խնդիր կա, որ սեփական անձի վրա կենտրոնանալու ժամանակ չկա:

Ձեր ինստագրամյան էջում ունեք բավականին համարձակ լուսանկարներ, ինչպե՞ս են դա ընդունում Ձեր հետևորդները։

Որքան գիտեմ, շատ լավ են ընդունում: «Ինստագրամում» ես փորձում եմ ապաքաղաքական, լուսավոր, պոզիտիվ գրառումներ անել: Որևէ բացասական մեկնաբանություն իմ հասցեին չեմ հիշում:

Ո՞րն է Ձեզ համար էջում բաց ներկայանալու սահմանը:

Գիտեմ, որ մարդիկ կարող են զարմանալ, օրինակ, երբ լուրերի մեկնաբանը նկար հրապարակի լողավազանից: Բայց գիտե՞ք՝ ես էլ, բոլորի պես, գնում եմ և՛ լողափ, և՛ լողավազան: Ինչու՞ չեմ կարող այդ տեղերից լուսանկարներ ունենալ: Որևէ սարսափազդու բան չեմ տեսնում դրանում: Այն, ինչ կա իմ սոցիալական ցանցերի էջերում, հիմանակնում այն է, ինչով զբաղվում եմ՝ ոչ ավել, ոչ պակաս: Սահմանն էլ հենց դա է:

Հեռուստատեսությունից այն կողմ ինչպիսի՞նն է Լարա Առաքելյանը։

Ամբողջովին նույնը, ինչ հեռուստատեսությունում: Աշխատում եմ օրը 12 ժամ, շաբաթը՝ 6, երբեմն՝ 7 օր: Կարծում եք հնարավո՞ր է կյանքի կեսը կեղծել սեփական բնավորությունը, ցանկությունները: Ես կարծում եմ՝ դա անհնար է:

Եթե ոչ լրագրող, ապա՝…

Չգիտեմ, չեմ պատկերացնում: Հարգում եմ բոլոր պրոֆեսիոնալներին: Համենայն դեպս, ինչ էլ անեի, կփորձեի այդ ոլորտի պրոֆեսիոնալ դառնալ:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ երիտասարդներին։

Մի քիչ ավելի զգայուն լինել երկրի ընդհանուր պրոբլեմներին վերաբերող հարցերում: Ավելի ակտիվ լինել ու չհուսալքվել:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Լարա Առաքելյանի ինստագրամյան էջից։ lara.araqelyan