Տեսախցիկը արհեստական ու ֆալշ բաներ չի սիրում. Լևոն Զաքարյան


3

Լևոն ընտանիքդ ինչպե՞ս արձագանքեց դերասան դառնալու որոշմանդ։

Մասնագիտություն ընտրելս եղավ շատ պատահական։ Ընտանիքս դեմ չէր, որոշումը իմն էր, նրանք էլ հարգեցին որոշումս։

Ի՞նչ ճանապարհ եք անցել, ի՞նչ բարդությունների եք հանդիպել կինոյում, թատրոնում ։

Բարդություններ ամեն տեղ էլ հանդիպում են, կապ չունի ինչ աշխատանք է։ Դժվարությունը տարանջատելն էր, պատկերացումը իրականությունից։ Հեշտ չէ երբ ուղեղդ այլ բան է տեսնում, իսկ իրականում ուրիշ պատկեր է։

Կհիշե՞ք՝ երբ առաջին անգամ բեմ բարձրացաք։ Ի՞նչ դեր էր, ի՞նչ զգացողություններ ունեիք։

Անասելի լարված էի, ինձ նույնիսկ մի պահ թվում էր, որ ուշագնաց կլինեմ։ Ու ամեն անգամ այդպես է լինում, բայց դա տևում է միլի վայրկիաններ։ Առաջին դերս Ֆրանսիո Արքան էր Շեքսպիրի  «Արքա Լիր» ներկայացման մեջ։

Նախընտրում եք կինո՞ն, թե՞ թատրոնը։ Ի՞նչու:

Իրականում բացարձակ տարբեր աշխարհներ են, ու նույնիսկ դժվար է զուգահեռել։ Միշտ խուսափել եմ նման հարցերից եթե անկեղծ ասեմ։ Կինոն մի ուրիշ հրաշք է թատրոնը մեկ այլ, բայց երևի թատրոն հետո կինո:

Լևոն դուք հեռուստադիտողներից շատերին հայտնի եք  որպես Կոմիտաս վարդապետի դերակատար։ Ինչպե՞ս հեռուստադիտողը  ընդունեց կերպարը։

Զարմանալի է բայց մինչ օրս նույնիսկ գրում են որ նայել են ֆիլմը։ Երևի սիրեցին ու ֆիլմը սիրվեց։

Ինչպե՞ս ստացաք «բռնիր  ձեռքս» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ։

Առաջարկը ստացա հենց Ռեժիսորից, Աշոտ Տեր-Մաթևոսյանից։ Գնացի, վիդեո տարբերակով նկարեցին, որոշ ժամանակ հետո կապնվեցին և ասացին որ հաստատվել եմ։

Սերիալում կերպարանավորում էիք Արսենին։ Կա՞ ր նմանություն Լևոնի և Արսենի միջև։

Արսենի և Լևոնի մեջ որոշակի նմանություններ կան, դա հումորի զգացողությունն է, ազնվությունը, նվիրվածությունը:

Ի՞նչ տվեց Ձեզ սերիալում խաղալը։

 Իրականում կապ չունի սերիալ թե գեղարվեստական ֆիլմ։ Սովորում ես ճիշտ արտահայտել զգացողություններդ, զգալ տեսախցիկը, լույսը։ Տեսախցիկը արհեստական ու ֆալշ բաներ չի սիրում։

Կա՞ մի կերպար, որին երազել եք կերպարանավորել։ Ի՞նչու:

Ժամանակին կար, հիմա չկա։ Ուսանող տարիներին իհարկե կային կերպարներ որոնք երազում էինք խաղալ, բայց տարիքի հետ երևի մոռացվում են։

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Առաջիկայի մասին չեմ կարող խոսել որովհետև կան մի քանի պրոյեկտներ, ամեն ինչ կախված է նրանից թե իրադարձությունները ոնց կզարգանան:

Հեռուստատեսությունից այն կողմ ինչպիսի՞նն է Լևոն Զաքարյանը։

Մարդ ով ապրում է սիրելով, ապրում է գնահատելով ամեն րոպեն։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան։

Նկարները վերցված են Լևոն Զաքարյանի ինստագրամյան էջից levon.zakaryan