Առաջին փորձս խոհանոցում եղել է 11 տարեկանում. Սուսաննա Մելքոնյան


1

Սուսաննա ի՞նչ մասնագիտություն ունեք։

Արտագնա տուր մենեջեր եմ, այս պահին աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Սակայն միշտ փնտրում եմ ինձ նաև այլ ոլորտներում, շուտով ևս մի մասնագիտություն ձեռք կբերեմ, բայց այս պահին դրա մասին չեմ խոսի։ 

Ինչպե՞ս սկսեցիք բլոգերությամբ զբաղվել:

Միշտ նկարում էի այն ուտեստները որոնք պատրաստում էի, ուղարկում ընկերներիս, հարազատներիս, և մի օր ընկերներիցս մեկը առաջարկեց բլոգ բացել, որպեսզի իմ բաղադրատոմսերը ավելի շատ մարդիք տեսնեն: Այդպես էլ ստեղծվեց իմ բլոգը:

Ինչպե՞ս բացահայտեցիք Ձեր խոհարարական տաղանդը:

Շատ եմ սիրում համեղ ուտել, մի օր էլ որոշեցի համեղ պատրաստել: Առաջին փորձս խոհանոցում եղել է 11 տարեկանում։ Սպասում էի միշտ, որ մամաս տնից երկար ժամանակով դուրս գար, ու ավիրում էի խոհանոցը, բաղադրիչները խառնում իրար ու վերջում անհասկանալի ուտեստ ստանում, մինչև սկսեցի կամաց կամաց խորանալ խոհանոցային աշխարհի մեջ:

Կա՞ մի ուտեստ, որ դժվարությամբ եք պատրաստել։

Տորթ է՝ «Էսթերհազի»։ 7 ժամ եղել եմ խոհանոցում: Բաղադրատոմսերից ընտրել էի ամենաբարդը, և ջեռոցիս փոքր լինելու պատճառով ամեն շերտը թխում էի առանձին, ամեն մեկե 1 ժամ 20 րոպե: Շատ համեղ ստացվեց, բայց այդ տորթը մեկ էլ կպատրաստեմ Մալդիվներից վերադառնալուց հետո իսկ դա չգիտեմ երբ կլինի

Ձեր ամենասիրելի ուտեստը …

Ամենասիրելի ուտեստ չունեմ, ավելի շատ կարող եմ ասել որ երբեք չեմ հրաժարվի ոչ մի քաղցր բանից:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի երկրի խոհանոցը։

Իտալական և չինական: Առաջինը սիրում եմ ոչ միայն համերի, այլ նաև ջերմության համար: Երկրորդը՝ էկզոտիկ համերի։

Հետևորդների կողմից ինչպիսի՞ արձագանքի եք հանդիպել :

Համեստություն չեմ անի և կասեմ որ ես իմ 2 տարվա բլոգի պատմության ընթացքում ոչ մի անգամ հեյթի չեմ արժանացել: Հետևորդներիս հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, շատ եմ սիրում իմ լսարանը: 

Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել:

Բարդ հարց էր ինձ համար: Կարող եմ ոգեշնչվել ամենա չնչին բանից, օրինակ արթնանամ և տեսնեմ շողացող արևը և որոշեմ ինչ որ ուտեստ այդ լույսի տակ շա՜տ սիրուն նկարել: ԵՎ հակառակը, մի փոքր բանից ունակ եմ կոտրվել այնքան, որ նույնիսկ որոշում կայացնեմ էջս անվերադարձ փակելու մասին

Ամենատարօրինակ սովորությունը, որ ունեք…

Անիմաստ քայլում եմ ամբողջ տնով, մինչև մաման չի հոգնում իմ փոխարեն

Ինչպիսի՞նն է Սուսաննան  երբ միայնակ է ։

Երբ մենակ եմ լինում ուսումնասիրում եմ տարբեր նյութեր, կարդում եմ, զարգացնում հմտություններս իմ նախընտրելի բնագավառներում:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Սուսաննա Մելքոնյանի ինստագրամյան էջից՝ foodiefromsusie