Երբեմն պետք է մի փոքր շեղվենք ստանդարտներից և փորձենք տարբերվել. Մարիամ Կայսրյան


1

Հարցազրույց դիմահարդար՝ Մարիամ Կայսրյանի հետ։

Ինչպե՞ս բացահայտեցիք Ձեր դիմահարդարի տաղանդը:

Ես իրականում սկսել եմ սկզբում վարսահարդարմամբ զբաղվել և 5 տարի աշխատելուց հետո հասկացա, որ ինչ որ բան պակասում է իմ աշխատանքի մեջ՝ ես չէի կարողանում լիարժեք հաճույք ստանալ իմ աշխատանքից ու հասկացա, որ պետք է այնպիսի բան անեմ, որ մարդկանց լիարժեք կերպարը ստանամ: Ինձ ավելի շատ սկսել էր դուր գալ ոճաբանի աշխատանքը և ժամանակ չկորցրեցի սովորեցի և սկսեցի խորանալ այդ ոլորտում:

Մարիամ, մի փոքր կպատմե՞ք ինչպե՞ս ստեղծվեց սեփական գեղեցկության սրահ ունենալու միտքը:

Միշտ ցանկացել եմ ունենալ իմ սրահը, բայց մեծ վախ ունեի, որ չեմ կարողանա, քանի որ հասկանում էի պատասխանատվության չափը: 8 տարի աշխատելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում հասունցել է այդ պահը ու ես պիտի դա անեմ: Մի գիշերվա ընթացքում վճռական որոշում եմ կայացրել և հաջորդ օրվանից սկսել եմ տարածք փնտրել։

Ձեր ընտանիքի անդամները ինչպե՞ս են արձագանքել գեղեցկության սրահի բացման որոշմանը։

Իրականում շատ դժվար էր: Ընտանիքիս անդամները այդքան էլ ռիսկային չեն ու քանի որ ես երբեք տանը չեմ խոսում իմ աշխատանքից ու հաջողություններից՝ այդ պատճառով իրենք չգիտեին, թե ես ինչ հնարավորություններ և հաջողություններ ունեմ այս ոլորտում և բնականաբար շատ էին վախենում, որ ոչինչ չի ստացվի, բայց ամեն դեպքում ես համառ գտնվեցի։

Ինչպե՞ս է անցնում աշխատանքային ընթացքը։ Դժվարություների հադիպե՞լ եք։

Ամենամեծ դժվարությունը այն էր, երբ արդեն տարածքը վերցրել էի և 1 ամիս վերանորոգման աշխատանքներ կատարեցինք: Արդեն պատրաստվում էինք բացմանը և ահա մեր «սիրելի» Covid-19 ներխուժեց մեր կյանք: Շատ սթրեսային էր դա ինձ համար: Անորոշ վիճակում էի, չգիտեի երբ կավարտվի այդ ամենը, որ կարողանամ աշխատել, քանի որ արդեն հետդարձի ճանապարհ չունեի: Արդեն վարձակալել էի տարածքը, վերանորոգել, մեծ ներդրումներ կատարել, բայց այլ տարբերակ չունեի՝ պիտի սպասեի:

Աշխատանքի վայրում Ձեր հանդեպ շա՞տ պահանջկոտ եք:

Այո, շատ շատ: Երբեք չեմ կարող մի կետում մնալ՝ միշտ ձգտում եմ ավելիին ու նույնը պահանջում եմ իմ թիմից: Եթե կատարվում է մի աշխատանք ուրեմն պիտի կատարվի իդեալական այլ տարբերակ չկա։

Մարիամ ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը։

Ինձ համար ամենահաճելի աշխատանքն է, քանի որ յուրաքանչյուրի մեջ նկատում ես գեղեցիկը ու սկսում ես ընդգծել դա: Ի վերջո շատ աղջիկների ժպիտներ ես պարգևում և դառնում ես իրենց գեղեցիկ օրվա ամենամեծ հերոսը և քեզանից է կախված, թե իրենց օրը ինչպես կսկսվի։

 Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել։

Ինձ ոգեշնչողը իմ հետևորդներն են, իմ հաճախորդները և այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են՝ միշտ ուժ են տալիս և ոգևորում են։

Աղջիկների և կանանց կողմից ինչպիսի՞ արձագանքի եք հանդիպել։

Բնականաբար, և՛ լավ և՛ վատ: Բոլորը չեն կարող ինձ սիրել կամ հավանել իմ աշխատանքը, բայց 80% աղջիկներից ստանում եմ միայն դրական կարծիք: Երբ վերջացնում եմ աշխատանքս և հաճախորդս նայում է իրեն հայելու մեջ, ու երբ տեսնում եմ, թե ինչպես է սկսում աչքերը փայլել հիացմունքից՝ այդ ժամանակ ես ինձ բավարարված ու երջանիկ եմ զգում։

Խորհուրդ, որ կցանկանայիք տալ հայ կանանց` և աղջիկներին կապված դիմահարդարման հետ։

Շատ կուզեի մեր աղջիկները ավելի համարձակ լինեին: Երբեմն պետք է մի փոքր շեղվենք ստանդարտներից և փորձենք տարբերվել։

Մարիամ առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Մի քանի օրից տեղի է ունենալու իմ վարպետաց դասը: Այս պահին այդ դասընթացիս եմ պատրաստվում, իսկ առհասարակ հետագայում պլաններ կան մասնաճյուղ բացել Երևանում։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Մարիամ Կայսրյանի ինստագրամյան էջից՝ stylist_mariam_kayseryan