Երգերը ծնվում են հոգուց. Զարեհ Թևան


2

Նպատակս որակով երաժշտություն մատուցելն է և ներկայանալը գրագետ խոսքով, քանի որ մեր երեխաները պետք է մեզանից սովորեն ու ձևավորվեն:

Ինչու՞ ընտրեցիք երգչի մասնագիտությունը երաժշտական կրթություն ունե՞ք:

Ունեմ միջին երաժշտական կրություն, իսկ տարիների ընթացքում զբաղվել եմ կիթառի վրա ինքնակրթությամբ և զարգացմամբ: Երգել սիրում եմ, բայց որպես երգիչ ինձ չեմ ընդունում, այլ ավելի ստույգ՝ հեղինակ-կատարող եմ:

Ինչու՞   Զարեհ Թևան: Ի՞նչ է նշանակում Թևան 

Ինչու Թևան, արդեն մոտ 12 տարի է ինչ կրում եմ Թևան բեմական անունը, այն պայմանավորված է մորեղբորս կորստի հետ, նրա անունը Թևան էր, որին շատ էի սիրում, երբ կորցրեցինք նրան, որոշեցի իր անունը կրելով, նաև իր հիշատակը պահեմ ինձ հետ ամենուր:

Զարեհ , վերջերս հադիսատեսի դատին հաձնեցիք երկու նոր երգեր՝ «արդեն չգիտեմ»  և «իմ ընկեր»:  Մի փոքր պատմեք երգերի ընտրության և տեսահոլովակների ստեղծման մասին։

«Իմ ընկեր» երգը վաղուց էի գրել, սակայն 2017 թ-ին, երբ համերգներով այցելեցի Հայրենիք, Դավիթ Ամալյանի հետ միասին կատարեցինք, այնուհետև որոշեցինք նաև ձայնագրել և նկարել տեսահոլովակ, որն էլ նկարեցինք 2021-ի գարնան վերջին, սակայն հանձնեցինք հանդիսատեսին իմ վերջին այցի ժամանակ:

Իսկ «Արդեն չգիտեմ» երգը ծնվեց մոտ 2 ամսվա ընթացքում, երբ մտերմացանք բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի հետ, հետո արդեն սկսեցի ուսումնասիրել նրա գիրը, այնտեղ գտա Արդեն չգիտեմ բանաստեղծությունը, Պետրոսի հետ խորհրդակցեցի, որ այն դառնա երգ, և նա ընդառաջեց այդ առաջարկին, գրեցի մեղեդին, և որոշեցի այն երգել ընկերոջս՝ Վահե Քոչարի հետ զուգերգով, իսկ տեսահոլովակը որոշեցինք նկարել դարձյալ վերջին այցիս, ամեն ինչ ստացվեց շատ արագ, այնուհետ որոշեցի մեկ շաբաթում ներկայացնել 2 երգ, փոքր ինչ խենթություն էր, բայց ես սիրում եմ նման էքստրիմներ:

Ինչպիսի՞ արձագանքներ եք լսել Ձեր լսարանից:

Դեռ որևէ բացասական կարծիք չեմ լսել, գրեթե բոլորը սիրել և հավանել են 2 երգերն էլ:

Ինչպե՞ս են «ծնվում» Ձեր երգերը և տեսահոլովակները  : Ի՞նչ բարդությունների եք հանդիպել

Երգերը ծնվում են հոգուց, իսկ տեսահոլովակները՝ արդեն թողնում եմ ռեժիսորի հմտությանը և ճաշակին: Բարդությնուններ հանդիպում են, բայց ոչ այնպիսին, որոնք կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ:

Երգի ընտրության հարցում ո՞ւմ կարծիքն եք ամենից շատ կարևորում:

Վստահում եմ ներաշխարհիս և առաջինը կիսվում եմ ավագ դստերս հետ, նա շատ երիտասարդ է և ունի բարձր երաժշտական ճաշակ, եթե նրան գրավում է, արդեն իսկ հանգիստ եմ լինում ու անցնում եմ գործընթացին: Նաև ունեմ բարձրաճաշակ երաժիշտ ընկերներ, որոնց կարծիքները կարևորում եմ: 

Ես տեղյակ եմ, որ բնակվում եք ԱՄՆում: Հայաստանը թողեցիք և տեղափոխվեցիք ԱՄՆ ։ Անցումը հե՞շտ եղավ։

Դա արդեն շատ վաղուց էր, երբ 18 տարեկան էի, իհարկե ունեցա դժվարություններ, բայց չհանձնվեցի և հաղթահարեցինք ընտանիքով հանդերձ:

Ապրելով ԱՄՆում՝ դուք ինքնաբերաբար դառնում եք տեղական մենթալիտետի կրողը: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դուր չի գալիս:

Կարգ ու կանոնն եմ հարգում և այստեղ բոլորը հավասար են օրենքի դիմաց, միմյանց հանդեպ ավելի հարգալից են, որքան էլ որ այն լինի փոքր ինչ ձևական որոշ միջավայրերում: Իսկ թե ինչը դուր չի գալիս, գուցե ասեմ հենց այդ կեղծավորությունը, իսկ երկրի մասին, միայն դրական կարող եմ արտահայտվել, անսահման հնարավորությունների երկիր է, պետք է լինել խելացի և կհասնես երազանքներիդ:

Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան ԱՄՆում:

Օրերս անցնում են ընտանիքիս և արվեստաշնորհ ընկերներիս ուղեկցությամբ, ինքս լավատես և դրական եմ կյանքի հանդեպ, եթե անգամ մենակ եմ լինում, սիրում եմ նվագել և ստեղծագործել: 

Ուսումնասիրելով Ձեր ուղին նկատեցի, որ ցանկանում եք  Երևանում ակումբ բացել: Ինչպե՞ս առաջացավ ակումբի  բացման գաղափարը:

Աշնանը, երբ Երևանում էի, ընկերոջս՝ Քրիստ Մանարյանի հետ խորհրդակցելով որոշեցինք համատեղ հիմնել մշակույթի ակումբ, որտեղ կկրթենք և կդաստիարակենք բարեկիրթ սերունդ, իսկ երեկոները կհնչեն բարձրաճաշակ երաժշտություն:

Հայաստան գալու և  ընդմիշտ ապրելու մտադրություն ունե՞ք:

Ցանկությունս մեծ է, սակայն հստակ որոշում դեռ չեմ կայացրել, այն պայմանավորված է ընտանիքիս որոշման հետ: Սակայն հաճախ եմ այցելելու և ինչպես ասում են, մեկ ոտքս լինելու է հայրենիքում:

Զարեհ ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով և ի՞նչ նորություններով կներկայանաք հանդիսատեսին առաջիկայում։

Նպատակս որակով երաժշտություն մատուցելն է և ներկայանալը գրագետ խոսքով, քանի որ մեր երեխաները պետք է մեզանից սովորեն ու ձևավորվեն: 2022 թվականի հուլիսի 20-ին թողարկեցի նոր երգ «Մայրս լիներ» վերնագրով, որի բառերի և երաժշտության հեղինակը ես եմ։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան։