Արտաշես I-ի Գահակալումը


-5

Ք.ա. 189թ. անկախ էին հոչակվել Մեծ Հայքը, Փոքր հայքը, և Կոմմագննեն: Հայկական
անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում  Արտաշեսը, Ծոփքում Զարեհը։ Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային լայն ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմնական, վրացական սկզբնաղբյուրներում, արամեատառ վիմագիր արձանագրություններում: Արտաշեսը ծնվել է մոտ Ք.ա. 230 թ. տոհմիկ ազնվական Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով  Հայաստանի անկախությունը՝  դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր Արտաշեսյան արքայատանը: Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատան շառավիղ։

Արտաշեսի գահ բարձրանալու պահին Մեծ Հայքի թագավորության տարածքը պարփակված էր միայն Հայաստանի կենտրոնական նահանգների սահմաններում: Հայկական բազմաթիվ երկրամասեր գրավել էին հարևան երկրները Մարաստանը, Վիրքը, Պոնտոսը, Սելևկյան և այլ երկրներ: Արտաշեսն իր առջև խնդիր է դնում իրականացնելու հայրենիքի վերամիավորման կարևորագույն ծրագիրը: Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին: Նա իր թագավորության սկզբում Մեծ Հայքին է միացնում Փայտակարան և Կասպեից երկիրը: Այնուհետև հարևան Վիրքի զավթած հայկական Գուգարք նահանգը: Արտաշեսի հանձնարարությամբ Սմբատ Բագրատունի զորավարը, ջախջախելով վրացական բանակը, վերադարձնում է զավթած տարածքները: Վրացական աղբյուրը հավաստում է, որ վրացիները պարտավորվում են «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և անհրաժեշտության դեպքում նրան զորք տրամադրել:

Մեծ Հայքին է վերադարձվում Կարնո երկիրը, Եկեղիք ու Դերջան գավառները, և Տմորիք երկրամասը: Ծոփքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները Մեծ Հայքին միավորելու Արտաշեսի ջանքերն այդ ժամանակ հաջողություն չունեցան: Արտաշեսի միավորիչ գործունեության շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը, ինչպես նախորդ համահայկական թագավորությունների ժամանակ, վերամիավորվեց մեկ ընդհանուր պետության մեջ: Պատահական չէ, որ դեպքերի ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, թե «Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու: Հայկական երկրամասերի վերամիավորումը ունեցավ ազգային քաղաքական կարևոր նշանակություն։ Ք.ա. 180-170-ական թթ. կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը:

Տեսեք նաև՝ Հայկական Պետության Պատմական Մայրաքաղաքները

Մեծ հայքի միջազգային հեղինակության աճը: Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի ազդեցիկ պետություններից մեկը: Երբ Ք.ա.183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում Արտաշես I-ը, պահպանելով չեզոքություն, ակտիվորեն ներազդեց կողմերի վրա, և կնքվեց հաշտության պայմանագիր: Լինելով լավ դիվանագետ՝ Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մտցնել, ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը: Դա, անշուշտ, հետագայում Փոքր Հայքն իր թագավորությանը միացնելու հեռահար քայլ էր: Արտաշեսը Ք.ա. 165թ. վճռական հակահարված տվեց Սելևկյան Անտիոքոս IV-ին, որը փորձում էր Հայաստանը ենթարկել Սելևկյանների գերիշխանությանը: 

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։